Գլխավոր Լրահոս

PR, թե՞ իրական միլիարդներ․ ինչ կտա «Թրամփի ուղին»

PR, թե՞ իրական միլիարդներ․ ինչ կտա «Թրամփի ուղին»

Արշալույս Մղդեսյան

Հայաստանի իշխանությունը, խոսելով Հայաստանի հարավով նախատեսվող ճանապարհի՝ «Թրամփի ուղու» մասին, որը, ըստ իրենց, հետագայում դառնալու է «Միջին միջանցքի» ավելի մեծ ծրագրի մաս, «միլիարդների հնարավորությունների» հոսք է խոստանում:

Պարզ է, որ ցանկացած իշխանություն կփորձի առավելագույն PR արդյունք քաղել Վաշինգտոնի պայմանավորվածություններից: Դա անում է Թրամփը, Ալիևը, ինչու չպետք է անի Հայաստանի իշխանությունը: Տրամաբանական է, որ կատարվածը փորձեն ներքաղաքական կապիտալի վերածել, մանավանդ, որ 2026-ի ընտրություններին հաշված ամիսներ են մնացել:

Հայաստանի կառավարությունը «Թրամփի ուղու» տեխնիկատնտեսական վերլուծություն չի արել: Դա անհրաժեշտ է տվյալ ենթակառուցվածքի ստեղծման տնտեսական նպատակահարմարությունը գնահատելու համար: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ ժամանակին օտարերկրյա դոնորների օգնությամբ երկաթուղային ենթակառուցվածքի վերաբերյալ միայն վերլուծական տեղեկանք է պատրաստվել: Ամերիկյան կողմի հետ նոր-նոր նախատեսում են սկել ավելի առարկայական աշխատանքներ այդ ուղղությամբ: Երբ կավարտվեն, պարզ չէ: 

Այս պահին «Թրամփի ուղով» հնարավոր հոսքերի մասին հստակ և փաստարկված վերլուծություն չկա: Կա միայն Ֆորբսում շաբաթներ առաջ մի թուրք հեղինակի հրապարակած հոդվածը, որը կանխատեսում է 50-100 մլրդ դոլարի տարեկան հոսք Ասիայից դեպի Եվրոպա Հարավային Կովկասով, բայց առանց հեղինակավոր աղբյուրի հղման:

Իհարկե, մեծ հավանականությամբ, աշխարհի թիվ մեկ գերտերության` ԱՄՆ-ի մասնակցությունը կարող է կտրուկ բարձրացնել ծրագրի քաղաքական և տնտեսական գրավչությունը: Սակայն դատելով Իրանի և Ռուսաստանի լուռ դիմադրությունից՝ այն կարող է նաև նոր «Սառը պատերազմի» թեժ կետ բորբոքել Կովկասում, ինչպես գրում է նույն հեղինակը:

Իսկ մինչ այդ, չունենալով ձեռքի տակ «հայկական» տվյալներ, խոստացված «միլիարդների հնարավորությունների» հավաստիությունը կարող ենք չափել հարևան Վրաստանի օրինակով: Այս համեմատությունը, ինչպես ցանկացած այլ, թերի է, քանի որ պարզեցնում է իրականությունը կամ օգտակար է այնքանով, որքանով ճիշտ են համեմատության չափանիշները, սակայն այլ գործիքներ չկան:

Եվ այսպես Վրաստանն արդեն տևական ժամանակ անում է այն, ինչին Հայաստանը ձգտում է կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրով՝ սպասարկում է հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք երկաթուղով ու ավտոճանապարհներով բեռնափոխադրումները՝ զուգորդելով իր նավահանգստային ենթակառուցվածքի հետ: Եվ ահա ինչպիսին է պատկերը:

  • Երկաթուղի: Համաձայն բաց աղբյուրների` «Վրացական երկաթուղի» ԲԲԸ-ի 2023-ի եկամուտը կազմել է 238,7 մլն դոլար, որից 163,4 մլն-ն բեռնափոխադրումներից է, իսկ դրանց առանցքային մասը տարանցումն է: 2023-ի 9 ամիսներին տարանցումը կազմել է բեռնափոխադրումների ծավալի մոտ 57%-ը: Այսինքն՝ 2023-ին «մաքուր տարանցումից» երկաթուղային եկամուտը գնահատվում է 90-110 մլն դոլարի սահմաններում:
  • Ավտոճանապարհներ: Օտարերկրյա բեռնատարների համար ճանապարհների օգտագործման վճարից բյուջեի ուղղակի մուտքերը 2023-ի բյուջեի պլանով պետք է կազմեր 130 մլն դոլար, սակայն ամբողջ տարվա ընթացքում, համաձայն վրացական լրատվամիջոցների, հավաքվել է մոտ 68 մլն դոլար:

Պետք է հասկանալ, որ երկաթուղու հաշվետվություններում տարանցումն առանձին տողով նշված չէ, «մաքուր» տարանցման գումարային գնահատականները մոտավոր են: Ավտոճանապարհներից ուղղակի եկամուտը «ճանապարհի օգտագործման վճարն» է, իսկ անուղղակի եկամուտները, ինչպես վառելիքի ակցիզները կամ ԱԱՀ-ն, սովորաբար առանձին չեն հաշվարկվում: 

Երկաթուղային նոր երթակառուցվածքի` Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲՏԿ) երկաթուղու թողունակությունը, արդիականացումից հետո, հայտարարվել է տարեկան մինչև 5 մլն տոննա: Երկարաժամկետ նպատակը 15-17 մլն տոննա է` հետագա ընդլայնումից հետո: Սակայն ընթացիկ փաստացի բեռնվածության մասին բաց տվյալներ չկան: 2023-ին ԲՏԿ-ի վրացական հատվածը վերակառուցվում էր, և բեռնափոխադրումները վերսկսվեցին միայն 2024-ի մայիսին: 2021-ի տվյալներով, մինչև փակվելը, փոխադրվել էր մոտ 477,000 տոննա: Եթե անգամ ենթադրենք, որ վերագործարկումից հետո այդ երկաթուղով հոսքերն աճել են, միևնույն է՝ տարբեր գնհատականներով ներկա 5 մլն տոննա հզորության պայմաններում, այժմյան բեռնվածությունը 50%-ից շատ ավելի ցածր է, իսկ ըստ որոշ փորձագետների` շուրջ 10-15%: 

Չնայած այսօրվա 5 մլն տոննա տարեկան հնարավորությանը՝ երկաթուղին շարունակում է թերբեռնված մնալ՝ նույնիսկ եթե հաշվի առնենք Չինաստանից և Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ցամաքով բեռների փոխադրման նոր ուղիների որոնումները, որոնք նախկինում անցնում էին Ռուսաստանով։

Կարևոր է նշել, որ բեռնափոխադրումների տարանցումից ստացվող եկամուտները չի կարելի ուղիղ համեմատել Վրաստանի և Հայաստանի պարագայում: Թեև Վրաստանը տարեկան մոտ 200 մլն դոլար է ստանում, այդ գումարը հիմնականում ձևավորվում է երկրի տարածքով անցնող ճանապարհի երկարությունից: Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումների համար օգտագործվում են հարյուրավոր կիլոմետրեր, մինչդեռ Հայաստանում «Թրամփի ուղու» հատվածը կազմելու է ընդամենը 42 կմ:

Իհարկե, ինքնին ճանապարհների ապաշրջափակումն ու խաղաղ միջավայրը, անկախ տնտեսական հաշվարկներից, Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն: Երկրի ներկայիս լոգիստիկ սահմանափակումները էականորեն նեղացնում են Երևանի որոշումների կայացման տարածքը՝ թե՛ Ռուսաստանի ու Արևմուտքի, թե՛ հարևանների հետ հարաբերություններում: Տարածաշրջանում նոր տրանսպորտային հանգույցների ձևավորումը Հայաստանի մասնակցությամբ, եթե նույնիսկ հսկայական եկամուտներ չբերի, կարող է դառնալ քաղաքական ինքնիշխանության ամրապնդման կարևոր գործոն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում