Ճաղերից ներս․ մեկ օր Հայաստանի կանանց միակ բանտում

Գևորգ Թոսունյան
Հայաստանի միակ` կանանց քրեակատարողական հիմնարկի՝ «Աբովյանի» բանտարկյալները զբոսնում են փոքր չորս զբոսահրապարակներում։ Դրանք նախատեսված են ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ կատարած կամ դրանցում մեղադրվող կանանց համար։ Դատապարտյալներն ու կալանավորված անձինք օրական մեկ ժամ զբոսանքի իրավունք ունեն ճաղավանդակներով փակված այդ տարածքներում, որտեղ միակ առավելությունը վերևում երևացող երկինքն է։
Մեր այցելության պահին բանտարկյալներից մեկը զբոսնում էր՝ ընթերցելով Աստվածաշունչ։ Այստեղ պահվող կանայք իրենց հատկացված մեկ ժամը կարող են անցկացնել նաև մարզասրահում։
Կյանքը ճաղերից ներս՝ կրթություն և առօրյա
Հիմնարկի առաջին մասնաշենքում, որտեղ մենք այցելեցինք, պահվում են ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողներն ու դատապարտվածները։ Յուրաքանչյուր փոքր խցում, որոնք կահավորված են երկհարկանի մահճակալներով, տեղավորված է մինչև երեք կին։
30-րդ խցում իր պատիժն է կրում 27-ամյա Մարինեն (անունը փոխված է), որը դատապարտվել է թմրամիջոցների իրացման համար։ Նա միակն է բանտում, որը դիմել է բարձրագույն կրթություն ստանալու համար՝ հենց ճաղերի ներսում։ Նրա հետ խցում պահվում է ևս երկու կին։ Սենյակի տարբեր անկյուններում գրքեր են դրված, դրանցից մեկը Րաֆֆու հատորներից է։
Մարինեն պատրաստվում է ընդունվել հոգեբանության ֆակուլտետ։ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող անձինք կարող են դիմել և ընդունվել միայն մեկ բուհ՝ «Ուրարտու» համալսարան, որն առաջարկում է երկու մասնագիտություն՝ հոգեբանություն և սոցիալական աշխատանք։
Նույն մասնաշենքի առաջին հարկում այստեղ պահվող յոթ անչափահասները ֆիլմի դիտման էին մասնակցում։ Ֆիլմն աշխատասիրության մասին էր։ «Ծույլը միշտ արդարացում է գտնում, բայց աշխատանք չի անում։ Պետք է աշխատես, որ կարողանաս ինքդ քեզ ու ընտանիքիդ պահել»,- դիտումից հետո անչափահասներին ասում էր բանտային աշխատակիցը։

Մարդկային մոտեցում և հոգեբանական մարտահրավերներ
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետ Լիլիթ Ջհանգիրյանն իր մասնագիտական ուղին սկսել է ոստիկանությունից՝ անչափահասների գործերով զբաղվելուց հետո տեղափոխվելով քրեակատարողական ծառայություն։ Նա շեշտում է, որ ծառայողը չպետք է անցնի դատապարտյալի «դաշտը»՝ ապրումակցելով կամ խղճալով նրան, այլ պետք է հասկանա խնդիրը, գտնի լուծումներ և ուժ տա նրանց՝ հաղթահարելու այս դժվար փուլը։

«Եթե քրեակատարողական ծառայողն ի սկզբանե անձին մոտենում է որպես հանցագործություն կատարածի, կարծում եմ՝ այդպես ճիշտ չէ։ Անձին մոտենում ես որպես մարդու, որը պատիժ է կրում։ Եթե անձն ունի վարքի խանգարում, իհարկե դժվար է լինում կոնտակտի դուրս գալ, զրուցել, փորձել ընդհանուր եզրեր գտնել»,- նշում է նա։
Կանայք, որպես կանոն, բողոքում են խցային պայմաններից և ավելի դժվար են համակերպվում փակ տարածություններին։ «Իմ աշխատանքի ընթացքում հիմնական խնդիրը, որին առնչվել եմ, ավելի շատ խցային փոփոխություններն են։ Ունենք օրենսդրական կարգավորում, որով անձը կարող է դիմում գրել և պահվել միայնակ, բայց դա նպատակահարմար չէ, քանի որ միայնակ մնալը կարող է բացասաբար ազդել անձի հոգեկան առողջության վրա»,- ասում է Լիլիթը։
Հիմնարկում առանձնացված է նաև հացադուլի համար նախատեսված խուց, որտեղ տեղափոխում են հացադուլ հայտարարած անձին՝ նրան 24-ժամյա բժշկական և հոգեբանական հսկողության տակ պահելու համար։
Խորհրդային ժառանգություն և նոր իրականություն
Բանտի բակում տեղադրված է մի արձան, որը պատկերում է երկիր մոլորակի ուղեծիրը լքող տիեզերանավ։ Այն առավել քան դրամատիկ է երևում ճաղերի ներսում։ Խորհրդային Հայաստանից ժառանգած այս արձանը բանտարկյալներին կարծես հիշեցնում է, որ նույնիսկ ամենախիստ սահմանափակումների պայմաններում մարդկային միտքը ձգտում է դեպի ազատություն։

Խորհրդային շրջանի հետքերը միայն արձանների տեսքով չեն։ Նախկինում բանտի ամեն անկյունում դաստիարակչական պաստառներ էին՝ «Ապրիր հուսով, հավատով և սիրով», «Տգիտությունը բոլոր հանցագործությունների մայրն է»։ Այժմ, սակայն, այդ ցուցանակները ներկվել են, և հներին շուտով կփոխարինեն նորերը։
Հիմնարկի տարածքների մաքրման և այլ աշխատանքներն իրականացնում են դատապարտյալները՝ դրա դիմաց ստանալով աշխատավարձ։ Սա նրանց հնարավորություն է տալիս հոգալ սեփական կարիքները և օգնել ընտանիքներին։ Լիլիթ Ջհանգիրյանի խոսքով՝ կարևոր է յուրաքանչյուրին ցուցաբերել անհատական մոտեցում և լսելի լինել։
Civilnet










