«Այժմ, երբ նախագահ Թրամփն իր անունը տվեց Զանգեզուրի միջանցքին, ես վստահ եմ, որ այն շուտով կիրականացվի»,- «Ալ-Արաբիա»-ի հետ զրույցում նման վստահություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա ասել է, որ ֆիզիկական ենթակառուցվածքի՝ մասնավորապես երկաթուղու կառուցումը, երկար ժամանակ չի պահանջի։
«Եթե խոսքը վերաբերում է ֆիզիկական ենթակառուցվածքի կառուցմանը, նկատի ունեմ երկաթուղուն, ապա դա չպետք է շատ ժամանակ խլի, որովհետև երթուղու երկարությունն ընդամենը 42 կիլոմետր է։ Եթե մենք այն կառուցեինք, ապա դա կավարտեինք մեկ տարում, քանի որ ավելի մեծ փորձ ունենք երկաթուղիների կառուցման գործում։ Իսկ Հայաստանին, հնարավոր է, անհրաժեշտ լինի ևս մի քանի տարի»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ Հայաստանն իր տարածքով անցնող ճանապարհի համար կստանա տարանցիկ վճարներ։
«Հաշվի առնելով, որ տարեցտարի Ասիայից Եվրոպա փոխադրումների ծավալն աճում է Ադրբեջանի տարածքով, ես վստահ եմ, որ Զանգեզուրի միջանցքը կդառնա կարևոր տրանսպորտային օղակ, որը կապում է մայրցամաքները», - ասել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևը նաև ասել է, որ միջանցքը լինելու է ոչ միայն Արևելք-Արևմուտք, այլ նաև Հյուսիս-Հարավ ուղղությամբ։
«Բացի Ռուսաստանից Իրանի հետ կապող Հյուսիս-Հարավ միակ երթուղուց, որը անցնում է Ադրբեջանի տարածքով, մենք կունենանք ևս մեկը՝ Ռուսաստանից դեպի Ադրբեջան, Հայաստան, Նախիջևան և այնուհետև՝ Իրան։ Կարծում եմ, սա շահեկան կլինի ողջ տարածաշրջանի համար, և այստեղ պարտվողներ չեն լինի»,- ընդգծել է Ալիևը:
Ալիևը հստակ ուղերձներ է հղել նաև Իրանին՝ այդ երկրի նախագահի և արտգործնախարարի հայտարարությունները դրական, սկզբունքային ու տրամաբանական անվանելով։ Փոխարենը նա հարցականի տակ է դրել Իրանի հոգևոր առաջնորդի շրջապատի՝ խորհրդականների խոսքերը։
«Մեզ համար դրանք որևէ նշանակություն չունեն, 0 արժեք են ներկայացնում, մենք մեր հարաբերությունները կառուցում ենք ընտրությունների միջոցով ընտրված իշխանությունների հետ», -ասել է Ալիևը։
Նա նշել է, որ իրանցի գործընկերների դիրքորոշումը պարզ է Բաքվի համար։
«Մեզ համար ամեն ինչ պարզ է։ Իրանի նախագահի դիրքորոշումը լիովին ողջամիտ է և հիմնված է այն փաստի վրա, որ Զանգեզուրի միջանցքն Իրանի համար որևէ սպառնալիք չի ներկայացնում»,- նշել է Ալիևը:
Վերջինը փորձել է նաև փարատել իրանական այն կասկածները, թե Հայաստանով նախատեսված ուղին կարող է խաթարել հայ-իրանական սահմանը՝ այդ ուրերը ամբողջովին կեղծ ու անհիմն համարելով։
Civilnet











