Բացակայող փաստաթղթեր և միլիարդների կանխավճար․ Պետրոսյանը՝ ՀԷՑ-ի և «Կասկադ Էներգոյի» հարաբերությունների մասին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է ընկերության և հիմնական մատակարար «Կասկադ Էներգո» ռուսական ընկերության միջև հարաբերություններում ի հայտ եկած մի շարք խնդիրների, այդ թվում՝ բազմաթիվ փաստաթղթերի բացակայության և մի քանի միլիարդ դրամի չմատակարարված ապրանքի դիմաց կատարված կանխավճարի մասին։
Այս մասին Պետրոսյանը հայտնել է օգոստոսի 27-ին՝ իր հրավերով Հայաստան ժամանած «Կասկադ Էներգո» ընկերության ղեկավարության հետ հանդիպումից հետո։
Ըստ հաղորդագրության՝ 2016-2017 թվականներից ի վեր «Կասկադ Էներգոն» իր հայաստանյան ներկայացուցչության միջոցով ՀԷՑ-ին մատակարարել է ավելի քան 800 հազար էլեկտրոնային հաշվիչ՝ շուրջ 100 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ։ Նշվում է նաև, որ լայնածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է՝ մատակարարված սարքավորումների, ծառայությունների և ծրագրային ապահովման համար բացակայում են հանձնման-ընդունման բազմաթիվ ակտեր և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։
«Առկա է «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից «Կասկադ Էներգո» ՍՊԸ-ին փոխանցված մի քանի միլիարդ ՀՀ դրամի չափով կանխավճարի մնացորդ, որի դիմաց դեռևս որևէ սարքավորում կամ ապրանք չի մատակարարվել, ինչպես նաև այս պահի դրությամբ որևէ ծառայություն ՀԷՑ-ին չի մատուցվել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ռոմանոս Պետրոսյանը։
Հանդիպմանը նա հայտարարել է, որ ՀԷՑ-ը դադարեցնում է «ավանդույթի ուժով» հաշվիչները բացառապես «Կասկադ Էներգոյից» ձեռք բերելու պրակտիկան։
Խնդիրները կարգավորելու նպատակով ՀԷՑ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մինչև սեպտեմբերի 30-ը պետք է մանրամասն գույքագրի կողմերի միջև առկա իրավական ու ֆինանսական փոխպարտավորությունները, լրացնի բացակայող փաստաթղթերը և կատարի ֆինանսական հաշվարկներ։ Կողմերը պայմանավորվել են մեկամսյա ժամկետում կրկին հանդիպել՝ աշխատանքների արդյունքներն ամփոփելու համար։
Civilnet










