Գլխավոր Լրահոս

Խաղաղություն, ապաշրջափակում, գերիներ. ԱԳ նախարարի հարցազրույցի հիմնական դրվագները

Խաղաղություն, ապաշրջափակում, գերիներ. ԱԳ նախարարի հարցազրույցի հիմնական դրվագները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 27-ին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման սկզբունքներին և հայ գերիների վերադարձի գործընթացին։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Խաղաղության դարաշրջան՝ նախաստորագրված

Անդրադառնալով Վաշինգտոնում կայացած բանակցություններին՝ Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ խաղաղությունն արդեն իսկ փաստ է։ 

«Ուզում եմ միանշանակ, աներկբա և հաստատական կերպով ասել, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան համաձայնություններով արձանագրվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է»,- ասել է նա։

Նախարարը պարզաբանել է, որ թեև պայմանագիրը դեռևս վերջնական ստորագրված և վավերացված չէ, նախաստորագրմանը տրվել է այնպիսի կշիռ, որը դժվար թե գերազանցեն հետագա փուլերը։ Նրա խոսքով՝ խաղաղությունը գործընթաց է, որը պահանջում է մշտական խնամք և ջանքեր երկու կողմերից։

«Խաղաղությունը գործընթաց է, խաղաղությունը կարգավիճակ է, խաղաղությունը միջավայր է և ահա այն բանից հետո, երբ որ երկու երկրի ղեկավարները ասում են, որ այլևս խաղաղություն է մենք դեռ պետք է աշխատենք, ջանքեր գործադրենք, խնամք ցուցաբերենք այդ խաղաղության նկատմամբ և կառուցենք այդ խաղաղությունը»,- նշել է Միրզոյանը։

Նա ընդգծել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների հիմքում փոխշահավետությունն է, և պայմանագրում չկա դրույթ, որը ձեռնտու լինի միայն մեկ կողմի համար։ Փաստաթղթի առանցքային կետերից են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, սահմանների անձեռնմխելիությունը և միմյանց ներքին գործերին չմիջամտելու պարտավորությունը։

Ապաշրջափակում՝ Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո

Խոսելով տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին՝ ԱԳ նախարարը սա որակել է որպես Վաշինգտոնյան համաձայնությունների երկրորդ կարևորագույն արձանագրում։ 

«Հայաստանի Հանրապետությունը ապաշրջափակվում է. սրանք բաներ են, որոնց մենք ձգտել ենք և որոնց կարիքը մենք ունեցել ենք 30 տարուց ավել»,- ասել է նա։

Միրզոյանը շեշտել է, որ ապաշրջափակումն իրականացվելու է մի քանի հստակ սկզբունքների՝ տարածքային ամբողջականության, երկրների ինքնիշխանության և երկրների իրավազորության շրջանակներում։

Ի պատասխան մտահոգությունների, թե Ադրբեջանը կարող է պահանջել արտատարածքային միջանցք, նախարարը հստակեցրել է, որ ՀՀ տարածքով անցնող ճանապարհները գտնվելու են հայկական վերահսկողության ներքո՝ ոչ ադրբեջանական, ոչ էլ ամերիկյան կամ երրորդ այլ կողմի ներքո։

«Պիտի այս կողմից դրվի Հայաստանի Հանրապետության դրոշը, այն կողմից դրվի Ադրբեջանի Հանրապետության դրոշը, կառուցվի ինչ-որ սահմանային անցակետ, սահմանային անցակետում պիտի լինեն համապատասխան սահմանային ծառայությունները, մաքսային ծառայությունները»,- պարզաբանել է նա։

Ըստ նրա՝ «անխոչընդոտ» բառը նշանակում է արհեստական, քաղաքական դրդապատճառներով խոչընդոտների բացակայություն, ինչպես Հայաստանն այսօր ապահովում է Իրանի և Վրաստանի համար։ Նա նաև խոսել է Հայաստանի հարավով անցնող ենթակառուցվածքների մասին. «Այդ հողը, որով անցնելու է ենթակառուցվածքը մեր Հայաստանի Հանրապետության տարածքում է լինելու ու պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։ Երկրորդ, 99 տարվա մասին խոսակցությունը առայժմ որևէ աղերս չունի իրականության հետ, ինչի՞ եմ ասում առայժմ, ուզում եմ նորից շեշտել՝ պայմանավորված կա այն բաների մասին, որը գրված և հրապարակված է։ Ժամկետ, որևէ տեխնիկական այլ մանրամասներ դեռ պիտի քննարկվեն։ Հողի սեփականության հարց չի քննարկվել»,- ընդգծել է Միրզոյանը։

Գերիների հարցը մնում է օրակարգում

Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների և պատանդառված անձանց հարցը մշտապես բարձրացվում է բոլոր հնարավոր հարթակներում։ 

«Չկա մի հանդիպում, առաջին հերթին ադրբեջանական կողմի հետ և իհարկե նաև մեր մյուս գործընկերների հետ... որ մենք այս թեմային հետամուտ չլինենք»,- հայտնել է նա։

Նախարարի խոսքով՝ խաղաղության կառուցումը և փոխվստահության մթնոլորտի ձևավորումն ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում այս հարցի լուծման համար։ «Քանի մենք խաղաղություն ենք կառուցում Ադրբեջանի հետ, այս հարցի լուծումը ամբողջական ավելի հեշտ է դառնում։ Փոխվստահության մթնոլորտը, քանի ավելանում է, այս հարցի լուծման համար էլ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում»,- նշել է Միրզոյանը՝ որպես դրական օրինակ հիշեցնելով 32 գերիների վերադարձը՝ COP29-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Նա հավելել է, որ այս թեման չի շրջանցվել նաև Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում