Հունվարին Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է $1 մլն-ով, այն դեպքում, երբ կառավարությունը ներգրավել է $5,8 մլն-ի միջոցներ, իսկ նախկին պարտավորությունների մասով մայր գումարի մարմանն ուղղել է $0,8 մլն։ Պետական պարտքի ծավալի գրեթե անփոփոխ մնալուն օժանդակել են համաշխարհային հիմնական արժույթների փոխարժեքները։
Համաշխարհային հիմնական արժույթների փոխարժեքների փոփոխությունները նպաստել են, որ հունվարին կրճատվի կառավարության պարտքի ծավալը։ Հունվարին կառավարությունը ներգրավել է $5,8 մլն-ի արտաքին պարտք, ընթացիկ պարտավորությունների սպասարկմանն ուղղել է $2 մլն ($0,8 մլն՝ մայր գումարի մարմանը և $1,2 մլն՝ տոկոսավճարներինը)։ Սակայն նման պայմաններում կառավարության արտաքին պարտքը ոչ թե ավելացել է $3,8 մլն-ով, այլ ընդհակառակը՝ նվազել է $2,8 մլն-ով։
Մյուս կողմից՝ թեև հունվարին Կենտրոնական բանկն արտաքին պարտք չի ներգրավել, ինչպես նաև չի իրականացրել մայր գումարի մարում, և ընդամենը $0,2 մլն ուղղել է տոկոսավճարների սպասարկմանը, բանկի ընդհանուր արտաքին պարտքն ավելացել է $3,7 մլն-ով։
Եթե կառավարության արտաքին պարտքի նվազման հարցում դրական ազդեցություն է թողել հունվարին դոլարի նկատմամբ ճապոնական յենի 2,4%-ով արժեզրկումը, ապա մեկ այլ արժույթի՝ SDR-ի (ԱՄՀ փոխառության հատուկ իրավունք) ամրապնդումը բերել է Կենտրոնական բանկի ընդհանուր արտաքին պարտքի ավելացման։ Եթե 2012թ. վերջին 1 SDR-ի փոխարժեքը $1,53 էր, ապա այս տարվա հունվարին այն կազմել է $1,54։
Հայաստանի ընդհանուր արտաքին պարտքի 9%-ը բաղկացած է ճապոնական յենով արտահայտված միջոցներից։ Միջոցների ևս 60,8%-ն արտահայտված է SDR-ով, 8,8%-ը՝ եվրոյով, իսկ 21,4%-ը դոլարային է։
Ֆինանսների նախարարությունը Հայաստանի արտաքին պարտքը ներկայացնում է ԱՄՆ դոլարով, և հասկանալի է, որ հիմնական արժույթների փոփոխությունն անխուսափելիորեն արտացոլում է գտնում ընդհանուր արտաքին պարտքի ցուցանիշում։
Փոխարժեքների տատանումներն ազդում են ոչ միայն ընդհանուր պարտքի ծավալի, այլև սպասարկման վրա։ Սպասարկման վրա ազդեցություն են թողում նաև վարկավորման պայմանները։ Հայաստանի արտաքին պարտքի 35,4%-ը լողացող տոկոսադրույքով է, ինչը նշանակում է, որ միջբանկային վարկավորման Libor տոկոսադրույքի բարձրացման դեպքում ավելանում է պարտքի սպասարկման բեռը, և ընդհակառակը։
Հունվարի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է $4,375 մլրդ, որի 85,4%-ը ($3,738 մլրդ) արտաքին պարտքն է։

Civilnet










