«Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանն այսօր՝ օգոստոսի 29-ին, հայտարարեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին։
Կարապետյանի խոսքով շարժումն ապաքաղաքական բնույթ ունի, սակայն չի բացառում ապագայում քաղաքական կուսակցության ձևավորում։
«Այսօր մենք՝ ազգային բարերար Սամվել Կարապետյանի համախոհներս և գործընկերներս, հայտարարում ենք մեր ձևով կամավորական շարժման հիմնադրման մասին,» - ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով, նախաձեռնության հիմքում ընկած է հասարակության լայն շերտերի համախմբման գաղափարը՝ հանրօգուտ նպատակների համար։
«Կամավորական շարժումը այն հարմար ձևաչափն է, որը թույլ կտա առանց բաժանելու մեր հասարակությանը համախմբել մարդկանց լավ, մեծ ու բարի գործեր անելու համար։ Շարժումը ապաքաղաքական կամավոր միավորում է մարդկանց, ովքեր պատրաստ են անձնուրաց ծառայել հանրօգուտ նպատակի»,- ասաց նա։
Կարապետյանը նաև ընդգծեց, որ շարժման մասնակիցները կարող են տարբեր մասնագիտությունների և հայացքների ունենան։
«Նրանք, ովքեր կարող են աշխատանքից ազատ ժամանակ մասնակցել շարժման աշխատանքներին, ողջունվում են՝ անկախ իրենց քաղաքական դիրքորոշումից կամ սոցիալական վիճակից»,- նշեց նա։
Ըստ Կարապետյանի, այս նախաձեռնությունը կարող է հիմք դառնալ ապագայում քաղաքական ուժի ձևավորման համար՝ հատկապես հաշվի առնելով սպասվող ընտրությունները։
«Նշանակու՞մ է արդյոք, որ մենք կուսակցություն, կոնկրետ, ինչպես Սամվել Կարապետյանն էր ասում, սկզբունքորեն նոր քաղաքական ուժ այլևս չենք ստեղծելու։ Ոչ, չի նշանակում։ Սա մեր կատարելիք աշխատանքի միայն առաջին փուլն է։ Հայաստանում առաջիկայում ընտրական գործընթացներ են սպասվում, և դրանց մասնակցելու օրենքով նախատեսված ամենահարմար ձևը կուսակցական մասնակցությունն է»,- հայտարարեց նա։
«Մենք պատրաստվում ենք մեր մշակած մասնագիտական ծրագրերը, նախագծերը շարժման հիման վրա ստեղծվելիք կուսակցության միջոցով վերածել պետական ծրագրերի։ Վստահ ենք, որ կարողանալու ենք դա անել 2026-ին կայանալիք ընտրական գործընթացների արդյունքում»,- ավելացրեց Կարապետյանը։
Շարժման շրջանակում ստեղծվելու են հինգ հիմնական աշխատանքային խմբեր։ Նրանցից առաջինը, ըստ Կարապետյանի, կրելու է «նոր տնտեսություն, աշխատանք բոլորի համար, բարեկեցություն բոլորի համար» անունը։
Civilnet











