Գլխավոր Լրահոս

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ միջև ստորագրված էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին հուշագրի բովանդակությունը

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ միջև ստորագրված էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին հուշագրի բովանդակությունը

Հայաստանի Կառավարությունը հրապարակել է ԱՄՆ-ի հետ ստորագրած
էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին հուշագրի բովանդակությունը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Մասնակիցներ), արտահայտելով փոխադարձ հետաքրքրվածություն Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու առնչությամբ՝ Հայաստանի էներգետիկ բազմազանեցման, անվտանգության, դիմակայունության եւ Հայաստանի էներգետիկ ոլորտի արդիականացմանը նպաստելու նպատակով, հաստատելով քաղաքացիական ոլորտում ատոմային հարցերով համագործակցությունն ընդլայնելու ընդհանուր ցանկությունը,
ընդունելով Մասնակիցների աշխատանքների փոխլրացնող բնույթը եւ նրանց միջեւ ռազմավարական առավել սերտ համագործակցության օգուտները, հասել են հետեւյալ փոխըմբռնմանը․

I. Նպատակը
Սույն փոխըմբռնման հուշագրի (այսուհետ՝ ՓՀ) նպատակն է փոխգործակցել Հայաստանի էներգետիկ համակարգի դիմակայունության բարելավման ուղղությամբ, այդ թվում՝ Հայաստանի էներգետիկ ոլորտի կարգավորումները եւ շուկայի ստանդարտները միջազգային լավագույն գործելակերպերին համապատասխանեցնելու միջոցով, եւ Հայաստանի ցածր ածխածնային, մրցունակ եւ միջազգայնորեն ինտեգրված էներգետիկ տնտեսության անցմանը նպաստելու ուղղությամբ։
Մասնակիցները նպատակ ունեն արձագանքելու Հայաստանի էներգետիկ ոլորտի առաջնահերթություններին, այդ թվում՝
• մասնավոր հատվածի ներդրումները խրախուսելով,
• քաղաքացիական ոլորտում ատոմային էներգիայի հարցերով համագործակցությունն ընդլայնելով,
• էներգետիկ խիստ կարեւոր օբյեկտների պաշտպանությունը մեծացնելով, եւ
• խիստ կարեւոր եւ սոցիալական ենթակառուցվածքների էներգետիկ դիմակայունությունը եւ անկախությունն ամրապնդելով,
• տարածաշրջանային համագործակցությունը եւ միջսահմանային էներգետիկ առեւտրի հնարավորությունները խթանելով,
• Հայաստանի էներգետիկ ոլորտի աշխատուժի հմտությունների զարգացմանը եւ կարողությունների զարգացմանն աջակցելով։

II. Համագործակցության ոլորտները
Մասնակիցները նպատակ ունեն փոխգործակցելու մի շարք ոլորտներում, այդ թվում՝ հետեւյալ ոլորտներում, սակայն չսահմանափակվելով դրանցով.
1. քաղաքացիական ոլորտում ատոմային էներգիայի հարցերով համագործակցություն, այդ թվում՝ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներ,
2. ներդրումների խթանում՝ Հայաստանի խիստ կարեւոր էներգետիկ ենթակառուցվածքը հզորացնելու համար, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների համար էներգակուտակիչ մարտկոցային կայանների զարգացման հարցում, եւ
3. ներդրումների խթանում՝ Հայաստանի էլեկտրահաղորդման եւ բաշխման ցանցերն արդիականացնելու համար,
4. Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքի կիբեռանվտանգության մեծացում, այդ թվում՝ տեխնիկական օժանդակության միջոցով։

III. Ընդհանուր դրույթներ
1. Տեւողությունը. Սույն ՓՀ-ն գործողության մեջ է մտնում դրա ստորագրման ամսաթվից եւ նախատեսված է, որ գործողության մեջ լինի մեկ (1) տարի ժամկետով։ Ակնկալվում է սույն ՓՀ-ի շրջանակներում համագործակցությունը շարունակել եւս 3 ժամկետներով, եթե Մասնակիցներից մեկը մյուսին սույն ՓՀ-ի շրջանակներում համագործակցությունը դադարեցնելու իր մտադրության մասին գրավոր չծանուցի դադարեցման ամսաթվից առնվազն վաթսուն (60) օր առաջ։ Սույն ՓՀ-ի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած տարաձայնություն կարող է լուծվել բարեկամաբար՝ Մասնակիցների իրավասու մարմինների միջեւ խորհրդակցությունների միջոցով։
2. Փոփոխությունները. Մասնակիցները կարող են սույն ՓՀ-ում փոփոխություններ կատարել փոխադարձ գրավոր որոշմամբ։
3. Կոնտակտային անձինք. Մասնակիցները նախատեսում են նշանակել իրենց համապատասխան հաստատություններից կոնտակտային անձանց՝ սույն ՓՀ-ի իրականացումը համակարգելու համար։
4. Հաշվետվությունները եւ երկխոսությունը. Մասնակիցները նախատեսում են պարբերական խորհրդակցություններ անցկացնել, այդ թվում՝ փորձագիտական եւ բարձր մակարդակներով՝ առաջընթացն ուսումնասիրելու եւ փոխգործակցության նոր հնարավորություններ վերհանելու համար։
5. ՓՀ-ի գործողությունը. Սույն ՓՀ-ում ոչինչ չի առաջացնում միջազգային կամ ներպետական իրավունքով սահմանված իրավունքներ կամ պարտավորություններ։ Մասնակիցները մասնավորապես ընդունում են, որ սույն ՓՀ-ն միջոցների տրամադրման պարտավորություն չէ։ Մասնակիցները նախատեսում են պահպանել իրենց առանձին եւ եզակի առաքելությունները եւ մանդատները եւ իրենց սեփական պարտականությունները։ Սույն ՓՀ-ով սահմանված կարգով մասնակիցների միջեւ համագործակցությունը չպետք է մեկնաբանվի որպես գործընկերություն կամ այլ տեսակի իրավաբանական սուբյեկտի կամ անձի ստեղծում։ Յուրաքանչյուր Մասնակից պետք է սույն ՓՀ-ի առնչությամբ առաջացող բոլոր ծախսերը կատարի իր հաշվին։ Մասնակիցները նախատեսում են սույն ՓՀ-ն իրականացնել այն եղանակով, որը չի միջամտում Մասնակիցների միջեւ սույն ՓՀ-ն ստորագրվելուց առաջ կամ հետո առկա որեւէ այլ պայմանավորվածության։ Սույն ՓՀ-ում ոչինչ նախատեսված չէ մեկնաբանվելու որպես բացառիկ աշխատանքային հարաբերություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում