Հայաստանի Կառավարությունը հրապարակել է ԱՄՆ Կառավարության հետ ստորագրոծ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին հուշագրի բովանդակությունը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Մասնակիցներ), շեշտելով աներկբա աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և դրա միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը, արտահայտելով փոխադարձ հետաքրքրվածություն Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներդրում կատարելու և Հայաստանի ենթակառուցվածքների և սահմանային անվտանգությունը բարելավելու հարցում, հաստատելով Հայաստանի ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության մասով կարողությունները և որպես տարածաշրջանային և համաշխարհային առևտրի արդյունավետ տարանցիկ հանգույց գործելու հնարավորությունը բարելավելու ընդհանուր ցանկությունը, և ընդունելով Մասնակիցների աշխատանքների փոխլրացնող բնույթը և նրանց միջև ռազմավարական առավել սերտ համագործակցության օգուտները, հասել են հետևյալ փոխըմբռնմանը.
I. Նպատակը
Սույն փոխըմբռնման հուշագրի (այսուհետ՝ ՓՀ) նպատակն է փոխգործակցել Հայաստանի ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության բարելավման ուղղությամբ, այդ թվում՝ Մասնակիցների միջև ներդրումների, ռեսուրսների, վերապատրաստման և գործընկերության միջոցով։
Մասնակիցները նպատակ ունեն արձագանքելու Հայաստանի ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության առաջնահերթություններին, այդ թվում՝
• մասնավոր հատվածի ներդրումները խրախուսելով,
• մաքսային հսկողության արդյունավետությունը և սահմանային անվտանգության հարցում համագործակցությունը և կարողությունների զարգացումն ընդլայնելով, այդ թվում՝ ապօրինի տեղափոխման և մաքսանենգության դեմ պայքարելու համար,
• ԱՄՆ-ի ազգային անվտանգության դեպարտամենտի և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և Պետական եկամուտների կոմիտեի միջև լավագույն գործելակերպերի փոխանակմանը նպաստելով,
• կիբեռանվտանգության ոլորտում լավագույն գործելակերպերի և կարողությունների ընդլայնում։
II. Համագործակցության ոլորտները
Մասնակիցները նպատակ ունեն փոխգործակցելու մի շարք ոլորտներում, այդ թվում՝ հետևյալ ոլորտներում, սակայն չսահմանափակվելով դրանցով.
• Հայաստանի սահմանային անվտանգության մեծացում վերապատրաստման, ԱՄՆ կառավարության ռեսուրսների և ԱՄՆ-ի ազգային անվտանգության դեպարտամենտի մաքսային և սահմանային պաշտպանության գործակալությունից ստացված լավագույն գործելակերպերի միջոցով.
• կիբեռպաշտպանության գործողությունների մասով ներդրումների ավելացում. և
• ներդրումների խթանում՝ Հայաստանի ենթակառուցվածքները, ինչպես նաև սահմանային անվտանգության ոլորտն արդիականցնելու համար։
III. Ընդհանուր դրույթներ
1. Տևողությունը. Սույն ՓՀ-ն գործողության մեջ է մտնում դրա ստորագրման ամսաթվից և նախատեսված է, որ գործի մեկ (1) տարի ժամկետով։ Ակնկալվում է սույն ՓՀ-ի շրջանակներում համագործակցությունը շարունակել ևս 3 ժամկետներով, եթե Մասնակիցներից մեկը մյուսին սույն ՓՀ-ի շրջանակներում համագործակցությունը դադարեցնելու իր մտադրության մասին գրավոր չծանուցի դադարեցման ամսաթվից առնվազն վաթսուն (60) օր առաջ։ Սույն ՓՀ-ի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած տարաձայնություն կարող է լուծվել բարեկամաբար՝ Մասնակիցների իրավասու մարմինների միջև խորհրդակցությունների միջոցով։
2. Փոփոխությունները. Մասնակիցները կարող են սույն ՓՀ-ում փոփոխություններ կատարել փոխադարձ գրավոր որոշմամբ։
3. Կոնտակտային անձինք. Մասնակիցները նպատակ ունեն նշանակելու իրենց համապատասխան հաստատություններից կոնտակտային անձանց՝ սույն ՓՀ-ի իրականացումը համակարգելու համար։
4. Հաշվետվությունները և երկխոսությունը. Մասնակիցները նախատեսում են պարբերական խորհրդակցություններ անցկացնել, այդ թվում՝ փորձագիտական և բարձր մակարդակներով՝ առաջընթացն ուսումնասիրելու և փոխգործակցության նոր հնարավորություններ վերհանելու համար։
5. ՓՀ-ի գործողությունը. Սույն ՓՀ-ում ոչինչ չի առաջացնում միջազգային կամ ներպետական իրավունքով սահմանված իրավունքներ կամ պարտավորություններ։ Մասնակիցները մասնավորապես ընդունում են, որ սույն ՓՀ-ն միջոցների տրամադրման պարտավորություն չէ։ Մասնակիցները նպատակ ունեն պահպանելու իրենց առանձին և եզակի առաքելությունները և մանդատները և իրենց սեփական պարտականությունները։ Սույն ՓՀ-ով սահմանված կարգով մասնակիցների միջև համագործակցությունը չպետք է մեկնաբանվի որպես գործընկերություն կամ այլ տեսակի իրավաբանական սուբյեկտի կամ անձի ստեղծում։ Յուրաքանչյուր Մասնակից պետք է սույն ՓՀ-ի առնչությամբ առաջացող բոլոր ծախսերը կատարի իր հաշվին։ Մասնակիցները նպատակ ունեն սույն ՓՀ-ն իրականացնելու այնպիսի եղանակով, որը չի միջամտում Մասնակիցների միջև սույն ՓՀ-ն ստորագրվելուց առաջ կամ հետո առկա որևէ այլ պայմանավորվածության։ Սույն ՓՀ-ում ոչինչ նախատեսված չէ մեկնաբանվելու որպես բացառիկ աշխատանքային հարաբերություն։
Civilnet











