Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի 3-ին կդադարեցնի իր գործունեությունը Բաքվում․ Դաֆնե Մարե

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի 3-ին կդադարեցնի իր գործունեությունը Բաքվում։ Որոշումն ընդունվել է Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնությամբ։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն՝ լրագրողների հետ զրույցում։
«Ցավով պետք է նշեմ, որ սեպտեմբերի 3-ին մենք ստիպված ենք փակել ԿԽՄԿ պատվիրակությունը Բաքվում։ Սա Ադրբեջանի իշխանությունների որոշումն է։ Սակայն դա չի նշանակում, թե մեր գործունեությունն այս ուղղությամբ ամբողջությամբ կդադարեցվի», – նշել է Մարեն։
Նրա խոսքով՝ կազմակերպությունը շարունակելու է իր աշխատանքը, առաջարկելով չեզոք միջնորդի ծառայություններ՝ հատկապես անհայտ կորածների հարցով։
«Մեր դերը տարածաշրջանում կարող է փոխվել, սակայն մնում ենք պատրաստակամ՝ աջակցելու բոլոր կողմերին՝ հումանիտար բնույթի հարցերի լուծման գործում։ Մենք չենք բացառում Բաքվի իշխանությունների հետ հետագա շփումները։ Քննարկումները դեռ ընթանում են, և հնարավոր է, որ համագործակցության այլ ձևաչափեր հայտնվեն», – ընդգծել է Մարեն։
Նա հավելել է, որ ԿԽՄԿ-ի տարիների աշխատանքը Հարավային Կովկասում, հատկապես՝ մարդասիրական բնագավառում, չի կորցնում իր արժեքը։
«Մենք հիմա մի փուլում ենք, երբ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներն ավելի ինտենսիվ են։ Նման փաստաթղթում կարևոր է ամրագրել միջազգային կառույցների ներգրավվածությունը՝ օրինակ՝ անհայտ կորածների որոնման և աջակցության ուղղությամբ»,- ասել է նա։
Մարեն ընդգծել է, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է գործել որպես չեզոք խաղացող՝ որտեղ որ հնարավոր կլինի, և հատկապես այն հարցերում, որտեղ մարդկային ճակատագրերը մնում են անորոշ։
Civilnet










