Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը երեկ Թբիլիսիում քննարկել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման ընթացիկ խնդիրները։
Մամեդովը, որի անունը ադրբեջանական և օտարերկրյա մի շարք լրատվամիջոցներում կապվում է կոռուպցիոն գործարքների հետ, Թբիլիսիին առաջարկներ է ներկայացրել 2012թ. դեկտեմբերին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ Բաքվում հնչեցրած մտահոգությունները հարթելու շուրջ: 2012թ. վերջին Վրաստանի իշխանությունները լուրջ դժգոհություններ էին հայտնել նախագծի ֆինանսական կողմի կապակցությամբ։ Այն վրացական մամուլում անգամ «կոռուպցիոն» էր անվանվել։
Տարածաշրջանային այս նախագիծը ծրագրվում է ավարտել 2013թ.՝ ապահովելով տարեկան 10-25 մլն տ բեռների տեղափոխում: 98 կմ երկարություն ունեցող երկաթուղին սկսվելու է Թուրքիայի Կարս քաղաքից և ավարտվելու վրացական Ախալքալաքում: Երկաթգծի զգալի մասը՝ 68 կմ-ը, Թուրքիայի տարածքով է անցնելու, մնացած 30 կմ-ը՝ Վրաստանի։ Նախագծի ֆինասնավորման $202 մլն-ը նախատեսվում է թուրքական և $220 մլն-ը՝ վրացական հատվածի կառուցման համար։
2009թ. երկաթուղու վրացական հատվածը թանկացել է շուրջ երկու անգամ, և նախագծի ընդհանուր արժեքը հասել է $600 մլն-ի: 2012թ. նախագծի արժեքը կրկին բարձրացել է՝ հասնելով արդեն $775 մլն-ի: Ընդ որում՝ երկաթգծի վրացական հատվածի 30 կմ-ի կառուցման և 186 կմ-ի վերակառուցման աշխատանքները ֆինանսավորում է պաշտոնական Բաքուն։
Վրաց-ադրբեջանական տանդեմը նախագծի պարբերաբար թանկացումը պայմանավորել է եղանակային անբարենպաստ պայմաններով, աշխատանքների ծավալների ճշգրտումով, հումքի և շինանյութի համաշխարհային գների բարձրացմամբ և այլն։
Իվանիշվիլին Բաքու այցի ընթացքում Ալիևին առաջարկել էր նախագիծն «ազատել» ավելորդ ֆինանսավորումից և այն համապատասխանեցնել առկա իրողություններին։ Ընդ որում՝ այցի նախաշեմին ադրբեջանական կառավարամետ որոշ լրատվամիջոցներ կարծիք էին հայտնել, թե Թբիլիսին մտադիր է վերանայել գոյություն ունեցող համաձայնագրերը։
Իվանիշվիլիի այցը Բաքու, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմի համար ցանկալի արդյունքներ չի ապահովել: Մյուս կողմից՝ դեռ հստակ չէ՝ արդյոք Բաքուն «կէժանացնի նախագիծը», և ուր կուղղվեն Վրաստանին որպես արտոնյալ վարկ հատկացված պետական միջոցները։
Civilnet











