«Ջրվեժ» անտառպարկ․ բարձր եկամուտներ և անբարեկարգ վիճակ

Կոտայքի մարզում գտնվող «Ջրվեժ» անտառպարկի ընդհանուր եկամուտները 2018-ի 5 մլն դրամի համեմատ 2024-ին հասել են 29 մլն դրամի՝ աճելով ավելի քան 180%-ով, այդուհանդերձ, առ այսօր արգելոցը չունի ոչ հանրային զուգարան, ոչ էլ խաղահրապարակ, իսկ ջրամատակարարման համակարգը անմխիթար վիճակում է։
Եթե մինչև 2019-ը Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում տարբեր անձինք ապօրինաբար զբաղեցրել էին որոշ տաղավարներ ու դրանք գումարի դիմաց տրամադրում էին արգելոցի այցելուներին, հիմա իրավիճակը փոխվել է։ Ապօրինի ձեռնարկատիրություն անտառպարկում չի իրականացվում, սակայն այս ամբողջ ընթացքում պատասխանատու մարմինները արգելոցից ստացած եկամուտները, որոնք 2018-2025-ին կազմել են ավելի քան 131 մլն դրամ, այդպես էլ չեն ուղղել դրա ամբողջական պահպանմանը։

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ ստացված ֆինանսական միջոցներն ուղղվել են պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների մարմանը և անտառպարկի պահպանման ծախսերին։
Վտանգավոր խաղահրապարակ և բացակայող զուգարաններ
Արգելոցի մանկական հատվածի խաղահրապարակը ոչ միայն կիրառելի չէ, այլ նաև վտանգավոր։ Խաղահրապարակի որոշ հատվածներ ինքնաշեն են՝ կառուցված մեքենաների պահեստամասերից։
Շրջակա միջավայրի նախարարությունից ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան արդարանում էին, որ մանկական խաղահրապարակը տարիներ շարունակ գտնվել է վարձակալված տարածքում։ Ըստ աղբյուրի՝ այժմ այն ծանրաբեռնված չէ որևէ վարձակալության պայմանագրով և լրացուցիչ ֆինանսական միջոցների առկայության պայմաններում այն կվերանորոգվի։ Փաստացի, վարձակալությունից հետո էլ անգամ տարիներ շարունակ այս հատվածը չի վերանորոգվել ու թողնվել է անբարեկարգ, անգամ վտանգավոր պայմաններում երեխաների համար և առ այսօր դրա վերանորոգման մասին որևէ քայլ չի ձեռնարկվում։
Արգելոցի այցելուների համար նախատեսված հատվածում սանհանգույց չկա, նախկինում կառուցված զուգարանն էլ գտնվում է անմխիթար վիճակում։ Այնպես որ անտառպարկի այցելուները կարիքները հոգում են որտեղ պատահի։ Նախարարությունից, սակայն, վստահեցնում են, որ սանհանգույցների կառուցումն արդեն իսկ ընթացքի մեջ է։
Տասնյակ հազարավոր քառակուսի մետր վարձակալված տարածքներ
Ըստ ՇՄ նախարարության տրամադրած տեղեկանքի՝ «Ջրվեժ» անտառպարկում ընդհանուր առմամբ վարձակալության է տրված 89,646 քմ տարածք։ Վարձակալների թվում են 6 կազմակերպություններ, այդ թվում՝ «Անտառռեստորան» ՍՊԸ-ն (15,500 քմ), «Արմենիա Հելիքոփթերս» ՍՊԸ-ն (12,045 քմ) և «Էկոպարկ» ՍՊԸ-ն (40,000 քմ)։
Վարձակալության պայմանագրերը հիմնականում երկարաժամկետ են՝ մինչև 2060 թվականը։ Միայն վարձակալությունից ստացված եկամուտը 2018-ից մինչև 2025 թվականի օգոստոս կազմել է ավելի քան 87,5 մլն դրամ։
Ցանկապատների և ոռոգման համակարգի խնդիրները
Արգելոցում անմխիթար է նաև ցանկապատների ու արգելապատնեշների վիճակը։ Տարբեր տարիներ այստեղ եղել են ծառահատումներ հենց վատ ցանկապատերի ու վերահսկողության պատճառով։ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնեցին, որ ցանկապատների ու արգելապատնեշների տեղադրման աշխատանքները գտնվում են նախնական ուսումնասիրությունների և գնահատման փուլում։
«Այս գործընթացի շրջանակում Կազմակերպության կողմից իրականացվում է կոորդինատների ճշգրտում և վերլուծություն, ինչից հետո կիրականացվի տեխնիկական գնահատում և անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկ, որը բավականին ժամանակատար է՝ հաշվի առնելով անտառպարկի 423,7 հա տարածքը»,- ասված է պատասխանում։
Նախարարությունը նաև ընդունում է, որ ոռոգման համակարգի հետ կապված դեռևս խնդիրներ են առաջանում՝ դրա հնամաշ լինելու պատճառով, թեև հնարավորության սահմաններում խողովակաշարերը փոխարինվում են։ Ըստ պաշտոնական տվյալների՝ անցկացվել և վերակառուցվել են ջրագծեր՝ 1500 գծմ խողովակաշարով։
Իրականացված աշխատանքները
Չնայած առկա բազմաթիվ խնդիրներին՝ Շրջակա միջավայրի նախարարությունը նշում է՝ 2018-ից ի վեր «Ջրվեժ»-ում իրականացված մի շարք աշխատանքների մասին։ Մասնավորապես, վերակառուցվել է վարչական շենքի մուտքը, կառուցվել է նոր պահակակետ, տեղադրվել են ավտոմատացված դարպասներ, տեսախցիկներ և լուսավորության համակարգ։ Կատարվել են ճանապարհների վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքներ։ «Ռենդերֆորեստ» ՍՊԸ-ի հետ համատեղ սկսվել է 5,40 հա մակերեսով հանրային այգու կառուցումը, ինչպես նաև կառուցվում է 100 տնկարան-ջերմոց։ Անտառպարկում տնկվել են նոր ծառաթփատեսակներ, իսկ աշխատակիցների աշխատավարձերը երկու անգամ բարձրացվել են 10%-ով։ Բացի այդ, «Արմենիան Հելիքոփթերս» ընկերության ֆինանսավորմամբ կառուցվել է նաև անտառպարկի 2-րդ մուտքը։
Թեմա
Civilnet










