Հոդվածը հրապարակվում է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում
Վրաստանի գլխավոր դատախազությունը մի շարք ՀԿ-ների ղեկավարների հրավիրել է «դիվերսիայի» գործի կապակցությամբ։ Այս քայլին նախորդել էր յոթ հայտնի ՀԿ-ների հաշիվների սառեցումը, ինչը, ըստ մեղադրանքների, հիմնավորվում է նրանով, որ կազմակերպությունները 2024-ին հակաիշխանական ցույցերի ընթացքում ոստիկանության նկատմամբ բռնություն են գործադրել կամ աջակցել դրան։
Դատախազությունը երկուշաբթի տարածած հայտարարությունում չի նշել, թե կոնկրետ որ ՀԿ-ներին է խոսքը վերաբերում։
Նինո Դոլիձեն, որը 2024-ին գլխավորում էր «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակությունը» (ISFED), հայտնել է, որ ինքն էլ է հրավիրվածների մեջ։
Հետաքննությունը վարվում է «դիվերսիա, ծանրացուցիչ հանգամանքներում դիվերսիայի փորձ, օտարերկրյա կազմակերպություններին և օտարերկրյա կառավարման տակ գտնվող կազմակերպությունների թշնամական գործունեությանը աջակցություն, ինչպես նաև Վրաստանի սահմանադրական կարգի ու ազգային անվտանգության հիմունքների դեմ ուղղված գործունեության ֆինանսավորում» հոդվածներով, հայտնել է դատախազությունը։
ISFED-ը այն ՀԿ-ներից էր, որի հաշիվը սառեցվել էր օրեր առաջ՝ քաղաքացիական հասարակության հիմնադրամի, «Ինֆորմացիայի ազատության զարգացման ինստիտուտի» (IDFI), «Սոցիալական արդարության կենտրոնի» (SJC), «Սապարի» իրավապաշտպան կազմակերպության, Վրացական ժողովրդավարական նախաձեռնության (GDI) և «Ժողովրդավարության պաշտպաններ» կազմակերպության հետ միասին։
Դատախազությունը պահանջել է պատժիչ այս միջոցը կիրառել «դիվերսիայի» ավելի լայն գործի շրջանակում, որը սկսվել էր փետրվարին՝ իշխանամետ խմբի դիմումից հետո և ընդգրկել էր կառավարության քննադատների լայն շրջանակ։
Հաշիվների սառեցումից հետո իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերությունը հրապարակել էր ցուցակ՝ այն հիմնական պաշտպանիչ պարագաների, որոնք գնվել էին ՀԿ-ների կողմից՝ որպես ապացույցների հիմք։ Ցանկում նշվում էին դիմակներ, շնչառական սարքեր, պաշտպանիչ ակնոցներ և այլ պարագաներ, որոնք օգտագործվել էին ցույցերի ժամանակ, այդ թվում՝ լրագրողների կողմից մասնագիտական պարտականությունների շրջանակում։
ՀԿ-ների դեմ ձեռնարկված քայլերը լայնորեն դատապարտվել են ինչպես Վրաստանի քաղաքացիական հասարակության, այնպես էլ երկրի արևմտյան ավանդական դաշնակիցների կողմից։
Civilnet











