Վաշինգտոնյան պայմանավորվածությունները ոչ թե վերջնարդյունք են, այլ նոր մեկնարկ, կարծում է Ժնևի համալսարանի դասախոս Վիգէն Չըթըրեանը։ Նրա համոզմամբ՝ խաղաղության մասին համաձայնագրի նախաստորագրումը բեկում մտցրեց, սակայն այն ընդամենը կողմերի պատրաստակամության արտահայտություն է։ «Այսօր մեր խոսակցությունների հարցադրումը փոխվել է․ այլևս չենք հարցնում, թե երբ կլինի պատերազմը, այլ փորձում ենք հասկանալ՝ ինչպիսին է այս նոր խաղաղության բնութագիրը», – նշում է Չըթըրյանը։
https://www.youtube.com/watch?v=UKIMwfcfyww«Անբարենպաստ խաղաղություն»
Հայաստանի համար այս համաձայնագիրը ոչ թե հաղթանակի արդյունք է, այլ պարտությունների շղթայի հետևանք, ասում է քաղաքագետը։
«Արցախի հայաթափումից մինչև Հայաստանի դեմ 2022-ի հարձակումը, իսկ դրանից առաջ՝ 2020-ի երկրորդ Ղարաբաղյան պատերազմը. այսօրվա բանակցությունները բոլոր այդ պարտությունների արդյունքն են։ Հետևաբար մեծ կորուստների ֆոնին հաջող դիվանագիտություն ակնկալելը պարզապես երազանք է», – ասում է նա։
Ամենախոցելի հանգամանքը, ըստ քաղաքագետի, Արցախյան հարցի դուրս թողումն է։ «Հայաստանն ու Ադրբեջանը կարիք ունեն շարունակելու խոսել Արցախի մասին ոչ միայն քաղաքական ու դիվանագիտական մակարդակներում, այլև հասարակությունների ներգրավմամբ։ Այս թեման պարզապես փակված համարելը անկեղծ չէ», - նշում է ՍիվիլՆեթի զրուցակիցը։
Ադրբեջանը պարտքեր է կուտակել երրորդ երկրների հանդեպ
Չըթըրյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը կարողացավ ռազմական հաղթանակներ արձանագրել, սակայն դրանց դիմաց կուտակեց պարտավորություններ երրորդ երկրների հանդեպ։ Այդ պարտավորությունները արդեն լարվածություն են ստեղծում Բաքվի և Մոսկվայի միջև. «Ալիևի որոշ չկատարած խոստումները, հավանաբար տրված անձամբ Պուտինին, բերեցին վերջին ամիսներին Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունների վատթարացման։
Երբ Ուկրաինայի պատերազմը մոտենա իր ավարտին, նոր պայքար է սկսվելու, և հավանական է, որ Հարավային Կովկասը դառնա դրա բեմը։ Այդ պայքարում Ռուսաստանի առաջին թիրախը կարող է լինել Ադրբեջանը, հետո՝ Հայաստանը»։
Ամերիկայի վերադարձը տարածաշրջան
Խոսելով Հարավային Կովկասում ԱՄՆ ներկայության մասին, որն իր հոդվածում քաղաքագետն անվանում է երրորդ վերադարձ, Չըթըրյանը թերահավատություն է արտահայտում․ «Քանի դեռ գործ ունենք Թրամփի անհատականության հետ, ամեն ինչ անկանխատեսելի է։ Նրա քայլերը հաճախ հաշվարկված չեն։ Բացի այդ, հարց է՝ արդյոք Թուրքիան կամ Ռուսաստանը կընդունե՞ն այս գործընթացը։ Իսկ Իրանը արդեն դժգոհություն է արտահայտում։ Փաստորեն՝ Հայաստանը Ամերիկային տեսնում է որպես Ադրբեջանին զսպող գործոն, Ադրբեջանը՝ որպես հակակշիռ Ռուսաստանին։ Բայց արդյոք այս երկուսի հաշվարկները կարդարանան՝ դժվար է կանխատեսել»։
Խաղաղության թեզը՝ իրականությունից կտրված
«1994-ից հետո կարող էին տարբեր սցենարներ լինել Ղարաբաղի հարցի լուծման, բայց մենք ստացանք ամենավատը։ Այսօր էլ փոխանակ անցյալի դասերը քաղելու և իրատեսական քաղաքական միտք զարգացնելու, կրկին շրջանառվում են իրականությունից կտրված թեզեր։ Նախկինում դա էին ազգայնական թեզերը, հիմա՝ միամիտ խաղաղասիրությունը», – նշում է նա։
Փոխանակ մենք այդ մեծ փորձանքից հետո ունենանք ավելի սուր և քննադատական քաղաքական մտածողություն, կրկին տեսնում ենք թեզեր ու դիսկուրսներ, որոնք կարծես կտրված են իրականությունից, կարծում է քաղաքագետը։
Ավելի հանգիստ, բայց ոչ անվտանգ
Չըթըրյանի խոսքով՝ օգոստոսի 8-ից հետո Հայաստանում որոշակի հոգեբանական թեթևություն կա, սակայն դա դեռ չի նշանակում, որ տարածաշրջանն ավելի անվտանգ է։
«Այսօր թե Հայաստանը, թե տարածաշրջանը շատ ավելի բարդ ու վտանգավոր փուլում են, քան 2020-ին։ Այդ իրականության գիտակցումն է, որ պետք է ձևավորի Հայաստանի քաղաքականությունը», – եզրափակում է քաղաքագետը։
Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը
Civilnet











