Բաքվի գերիները՝ առանց Կարմիր խաչի
Ադրբեջանի կառավարության որոշմամբ` Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) սեպտեմբերի 3-ից դադարեցնում է գործունեությունն այդ երկրում։
Այդուհանդերձ, ԿԽՄԿ-ն շարունակելու է համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ աջակցելու միջազգային մարդասիրական իրավունքով հովանավորվող անձանց։
Մարտի սկզբին Ադրբեջանի կառավարությունը կարծիք էր հայտնել, որ Կոմիտեի տեղական ներկայացուցչի ներկայիս գործունեությունն ավելորդ է։
ԿԽՄԿ-ն Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում սկսել է գործել 1992-ից, աջակցել է հակամարտությունից տուժած համայնքների հրատապ և կենսական կարիքներին, տրամադրել հոգեսոցիալական աջակցություն տուժած անձանց, իրականացրել կենսական ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր, Այն միակ կազմակերպությունն էր, որը կարողանում էր այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին և պատանդներին։
Ադրբեջանի բանտում ներկայում պաշտոնապես 23 հայ է պահվում, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Բաքվում պահվող հայ գերիների և նրանց հարազատների միջև կապն այլևս հնարավոր չի լինի պահել։ Սա չափազանց մտահոգիչ հանգամանք է, ասել է նա։
Civilnet




