Ձկնաբուծարաններն ամենաշատ ջուրն են օգտագործում. ԱԺ-ում քննարկվել է ջրի բաշխման նոր մոդելը

Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 3-ի նիստում քննարկվել են Ջրային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, որոնց նպատակն է լուծում տալ Արարատյան արտեզյան ավազանում ստեղծված ճգնաժամային իրավիճակին։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի գերշահագործումը, որի հիմնական պատճառը ձկնաբուծության արագ զարգացումն է, հանգեցրել է աղետալի հետևանքների։ Ըստ փաթեթի՝ տարիների ընթացքում մեծածավալ արտեզյան ջրերի վատնումը պատճառ է դարձել արտեզյան ավազանի եզրագծի շուրջ 67 տոկոսով կրճատմանը։ 2024-ի դրությամբ Արարատյան դաշտում ջրօգտագործման թույլտվություններով տրված ջրառի ընդհանուր ծավալի 78,3 տոկոսը կամ 853 մլն խորանարդ մետր բաժին է ընկնում հենց ձկնաբուծական նպատակներին։
Նշվում է, որ այս իրավիճակի հետևանքով անհետացել են Սև ջուր գետի ակունքներում գտնվող Զեյվա աղբյուրները, իսկ Ակնա լիճը վերածվել է անհոսք լճակի։ Ջրի քանակի նվազմանը զուգահեռ նկատվում է նաև որակի վատթարացում. օրինակ՝ Արտաշատի տարածքում գտնվող դիտակետերից մեկում ջրի ընդհանուր հանքայնացումը աճել է, իսկ կոշտությունը՝ կրկնապատկվել։
Առաջարկվող նոր փոփոխություններով կառավարությունը որդեգրում է այլ մոտեցում։ Նախատեսվում է փակ շրջանառու համակարգի ներդրումն իրականացնել կամավորության սկզբունքով՝ կիրառելով խթանող մեխանիզմներ, օրինակ՝ նման համակարգ ներդրած տնտեսվարողներին տրամադրելով ավելի երկարաժամկետ ջրօգտագործման թույլտվություններ։ Բացի այդ, առաջարկվում է Ջրի ազգային ծրագրի մասին օրենքում Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալը պաշտոնապես նվազեցնել։ Նախատեսվում է նաև սահմանել ջրային ռեսուրսների բաշխման նոր չափաքանակներ, որոնց համաձայն՝ ջրի 55%-ը կուղղվի ձկնաբուծությանը, 30,9%-ը՝ գյուղատնտեսությանը, 12%-ը՝ խմելու-կենցաղային կարիքներին, իսկ 2%-ը՝ արդյունաբերությանը։
Օրենսդրական փաթեթի ընդունմամբ ակնկալվում է կանխել ստորերկրյա ջրերի վիճակի հետագա վատթարացումը և նպաստել Արարատյան արտեզյան ավազանի վերականգնմանը։
Դիտեք նաև՝
Թեմա
Civilnet










