Ինչո՞ւ երեք ամիս անց Արցախի նախագահի թեկնածու չկա. խմբակցությունների արձագանքը

Հայկ Ղազարյան
Երեք ամսից ավել է, ինչ Արցախի Ազգային ժողովը նախագահ չի ընտրել։ Սամվել Շահրամանյանի լիազորությունները լրացան 2025-ի մայիսի 21-ին։ Արցախի խորհրդարանի մեծամասնությունը խուսափում է այս թեմայով մեկնաբանություն տալուց։ «Արդարություն» խմբակցությունից Մետաքսե Հակոբյանն է եզակիներից է, որ մեկնաբանություն է տալիս այս թեմայով։
«Պայմանավորվածություն կա, որ առաջինը թեկնածու ներկայացնի ամենամեծ խմբակցությունը»
Մետաքսե Հակոբյանն ասաց, որ պատգամավորներով պայմանավորվել են, որ առաջինը իր թեկնածուն ներկայացնի ամենամեծ խմբակցությունը՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ն։ Պատգամավորն ասաց, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է․ եթե «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ը թեկնածու չունենա, հաջորդ ուժը՝ «Միասնական հայրենիքը», կներկայացնի թեկնածու, և այդպես շարունակ՝ ըստ խորհրդարանում ներկայացվածության։
«Մենք ժամանակ առ ժամանակ հանդիպումների ընթացքում նորից հիշեցնում ենք, որ այդպիսի պայմանավորվածություն կա, և ի վերջո, ինչ-որ խելամիտ ժամանակ պետք է այդ հարցերը կարգավորելու համար։ Դե, ամեն դեպքում, դեռ այս փուլում մենք սպասելու ենք», - նշեց Հակոբյանն ու նկատեց, որ չի կարող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության փոխարեն խոսել, իսկ վերջինիս ղեկավար Արամ Գրիգորյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ։
«Սամվել Բաբայանը լավ թեկնածու է, սակայն պիտի առաջադրվելու ցանկություն ունենա»
Երկրորդ ուժի՝ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը ասաց, որ թեկնածու չունեն, իսկ մյուսների փոխարեն չի կարող պատասխանել։
Հարցին, թե ի՞նչ վատ թեկնածու է Սամվել Բաբայանը, Պետրոսյանը պատասխանեց. «Շատ լավ թեկնածու է, բայց պիտի առաջադրվելու ցանկություն ունենա»։
Դաշնակցությունը և ԱԺԿ-ն ևս չեն խոսում
ՀՅԴ խմբակցության անդամ Վահրամ Բալայանը ասաց, որ նախագահի թեկնածուի մասին ավելի լավ է՝ մեկնաբանություն տա խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։ Վերջինս պատճառաբանեց՝ «ղեկին է» ու այլևս չպատասխանեց զանգերին։
Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) ղեկավար Դավիթ Մելքումյանը չցանկացավ մեկնաբանություն տալ, ասաց, որ «թեկնածու չունեն և ինքը չի ցանկանում առաջադրվել»։
«Դա իմ մեկնաբանության հարցը չէ, խնդրում եմ ուրիշին ասեք, բացի այդ, ես այդ թեմայի մեջ չկամ»,– ասաց Մելքումյանը։
Արդյոք կա՞ ճնշում ՀՀ իշխանությունների կողմից
Արդյոք Հայաստանի իշխանությունները ճնշո՞ւմ են, որ Արցախի ԱԺ-ի խմբակցությունները թեկնածու չառաջադրեն կամ ոչ մեկը չցանկանա առաջադրվել։
Նախագահ ընտրելու ժամանակահատվածում Սամվել Շահրամանյանը ինտենսիվ հարցաքննվում էր 2023-ի պատերազմի ընթացքում պաշտոնեական անփութության և զենք-զինամթերքը հակառակորդին հանձնելու գործով։ Ըստ News.am-ի՝ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023-ին, և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվել։
Մետաքսե Հակոբյանը հերքեց վարկածը, որ ճնշման պատճառով նախագահ չեն ընտրում․ «Եթե վախենայինք, օրինակ, չէինք կարողանա ընտրել Ազգային ժողովի նախագահին»։ Նա հավելեց, որ նույն տրամաբանությամբ, եթե վախենային, ապա «Սրբազան պայքարի» գործով խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կալանավորումից հետո իրենց գործունեությունը չէին շարունակի։
Արտախորհրդարանական ուժերից՝ Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը կարծում է, որ բոլորն էլ գտնվում են Նիկոլ Փաշինյանի ճնշման տակ։
«Այդ դեպքում ինչո՞ւ թեկնածու չեն ներկայացնում, «Ազատ հայրենիքը» ինչո՞վ է զբաղված։ Շատ տարօրինակ է, որ այս պայմաններում, երբ միջազգային հանրությանը ներկայանալու հարց կա, Արցախի պատգամավորները չեն խոսում, հայտարարություն չեն անում։ Եվ ոչ մի արդարացում չունի իրենց չընտրելը»,– ասաց Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ ասել, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք։ «Շատ կոնֆլիկտներ, ներառյալ Ղարաբաղը, սկսվել են հումանիտար ու մշակութային հարցերից, իսկ թե ինչի են վերաճել, բոլորս ցավոք զգացել ենք,– օգոստոսի 11-ին հայտարարեց Հայաստանի վարչապետը։ Նա հավելեց, որ եթե որևէ մեկը համաձայն չէ այս ռազմավարությանը, հայտնվում է կոնֆլիկտի վերակենդանացման տրամաբանության մեջ։ Փաշինյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև փախստականների վերադարձի քննարկումը վտանգավոր է, իսկ տեղահանված հայերը պետք է Հայաստանում հաստատվեն՝ որպես լիարժեք քաղաքացիներ
Ըստ Արթուր Օսիպյանի՝ պատգամավորների նկատմամբ ամենամեծ ճնշումը դրսևորվում է հենց Փաշինյանի հրապարակային խոսքում․ «Եվ եթե վաղը ինչ-որ միջադեպ տեղի ունենա, նա մեղադրելու է այդ մարդկանց»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած տարի նաև բացասական վերաբերմունք էր հայտնել Արցախի վտարանդի կառավարության կատարած նշանակումների վերաբերյալ։ «Եթե որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում իրեն ներկայացնում է որպես կառավարություն, դա արդեն ազգային անվտանգության խնդիր է», – հայտարարել էր ՀՀ վարչապետը։
Մետաքսե Հակոբյանը կեղծ համարեց Հայաստանի իշխանությունների այն պնդումները, որ ցանկացած գործընթաց Արցախի իշխանությունների կողմից Հայաստանի համար կարող է հանգեցնել լուրջ անվտանգային խնդիրների։
«Շատ լավ ճանաչելով ու իմանալով Հայաստանի իշխանություններին՝ մենք չենք բացառում, որ հենց իրենք կարող են խնդրի առաջացման պատճառ դառնալ։ Հետևաբար մենք ոչ թե հրաժարվում ենք այդ գործընթացից, այլ գործում ենք ավելի կոռեկտ ու զգուշավորությամբ՝ բոլոր խնդիրները հաշվի առնելով»,- ասաց Հակոբյանը։
Արցախի նախագահի պաշտոնակատարը Աշոտ Դանիելյանն է, Սամվել Շահրամանյանը՝ արդեն նախկին նախագահ
Մայիսի 21-ին Ազգային ժողովը «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունից Աշոտ Դանիելյանին միաձայն՝ նիստին մասնակցած 28 պատգամավորի կողմ ձայնով, ընտրեց խորհրդարանի նախագահ։ Այդ ընտրությունից հետո Դանիելյանը ստանձնեց նաև Արցախի նախագահի պաշտոնակատարի լիազորությունները, քանի որ այդ պաշտոնը թափուր էր։
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սևակ Աղաջանյանն այն ժամանակ ՍիվիլՆեթին հայտնել էր, որ ԱԺ նախագահ ընտրելուց հետո տասնօրյա ժամկետում խորհրդարանը կանցկացնի նաև Արցախի նախագահի ընտրություն։ Սակայն տասն օրվա փոխարեն անցել է 100 օր։

Այսպիսով, ստացվում է, որ Սամվել Շահրամանյանը համարվում է Արցախի նախկին նախագահ։
Հիշեցնենք, որ 2023-ի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի կողմից Դավիթ Իշխանյանի գերեվարումից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում էր խորհրդարանի փոխխոսնակ Գագիկ Բաղունցը («Միասնական հայրենիք»)։
Նախապատմություն
2023-ի հունիսին Արցախում սահմանադրական փոփոխություններից հետո՝ սեպտեմբերի 9-ին, Ազգային ժողովը նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին մինչև հերթական ընտրությունները։ Նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները պիտի կայանային 2025-ին։ Սահմանադրական այս փոփոխությունները կատարվեցին 2023-ի ամռանը և Ազգային ժողովին թույլ էին տալիս ռազմական դրության պայմաններում երկրի նախագահ ընտրել։
2025-ի ապրիլի 15-ին Արցախի Ազգային ժողովը Երևանում նիստ գումարեց և ընդունեց սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծ, որով ապահովվեց խորհրդարանի և նախագահի ինստիտուտների շարունակականությունը
Արցախի Ազգային ժողովը ուներ 33 պատգամավոր։ Հունիսի 20-ին անկախ պատգամավոր Կարեն Հովհանիսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։
Տեղադրություն
Թեմա
Civilnet










