Գլխավոր Լրահոս

Այս տղաների հետ կարելի է երկար ճանապարհ գնալ․ Եղիշե Մելիքյանը՝ հավաքականի մասին

Այս տղաների հետ կարելի է երկար ճանապարհ գնալ․ Եղիշե Մելիքյանը՝ հավաքականի մասին

Սիրանուշ Ադամյան

«Կաշխատենք օգտագործել Պորտուգալիայի թույլ կողմերը»,- ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը՝ Պորտուգալիայի դեմ կայանալիք հանդիպմանը նախորդող ասուլիսի ընթացքում։ Խաղը կայանալու է սեպտեմբերի 6-ին՝ 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության(ԱԱ-2026) որակավորման փուլի շրջանակում։  ՍիվիլՆեթն առանձնացրել է երկու թիմերի մարզիչների ու խաղացողների նախախաղային մեկնաբանությունները։

Կողմերը՝ Պորտուգալիայի դեմ կայանալիք հանդիպման մասին

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային ասուլիսի ընթացքում շեշտել է, որ Պորտուգալիան Եվրոպայի լավագույն հավաքականներից է և գործ ունեն լուրջ մրցակցի հետ, սակայն դա չի նշանակում, որ այն թույլ կողմեր չունի․

«Մենք ամեն ինչը հասկանում ենք, բայց ունենք մեր պլանը։ Մենք կաշխատենք օգտագործել նրանց թույլ կողմերը և փակենք իրենց այն ուժեղ կողմերը, որ կան»,- ասել է Մելիքյանը։

Հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն էլ հավելել է, որ վերջին օրերին առավելագույն ուժերն են ներդրել, որպեսզի պատրաստ լինեն առաջիկա խաղին: 

Պորտուգալիայի հավաքականի մարզիչ Ռոբերտո Մարտինեսի խոսքով՝ Հայաստանի դեմ խաղն իրենց համար «լուրջ մարտահրավեր» է․

«Նոր մարզիչ է եկել, ինչը հուզական առումով լրիվ այլ մակարդակ է։ Հատկապես պետք է ընդգծել երկրպագուների գործոնը, նրանք շատ կրքոտ են։ Մենք մեծ հարգանք ունենք Հայաստանի թիմի և Մելիքյանի հանդեպ։ Նա «Փյունիկում» հասել է մեծ հաջողությունների»,- ասել է Մարտինեսը։

Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ռուբեն Դիաշի խոսքով էլ՝ «Հայաստանը որակյալ թիմ ունի».

«Ուսումնասիրել ենք Հայաստանի հավաքականին։ Նրանք որակյալ թիմ ունեն՝ ամուր պաշտպանությամբ և վտանգավոր հակագրոհներով, նաև ունեն խաղացողներ փայլուն անհատական որակներով։ Մենք պատրաստ ենք առաջիկա խաղին»- ասել է Դիաշը։

Եղիշե Մելիքյանը` հավաքականի հնարավորությունների ու նոր ավագ ընտրելու մասին

Ասուլիսի ընթացքում Մելիքյանը նաև նշել է, որ ազգային թիմի ներսում աշխատելուց հետո իր վստահությունն ավելացել է․

«Տղաներին մոտիկից տեսնելուց հետո համոզվել եմ, որ այս հավաքականով կարելի է երկար ճանապարհ գնալ։ Նրանց հավատում եմ»։

Մելիքյանի խոսքով՝ հավաքականին աստիճանաբար պետք է երիտասարդացնել․

«Նարեկ Աղասարյանին ու Կարեն Նալբանդյանին հրավիրել եմ ոչ թե այս երկու խաղի համար, այլ որպեսզի մոտիկից զգան մթնոլորտը։ Նրանք մեր ապագան են։ Այսօր մեծ պատասխանատվություն է նրանց վստահել, բայց ապագայում համոզված եմ՝ կդառնան թիմի հենասյուները»։

Վարազդատ Հարոյանի՝ հավաքականից հեռանալուց հետո հարց է առաջացել, թե ով կլինի թիմի նոր ավագը։ Մելիքյանն ասել է, որ այդ մասին կհայտնի վաղը։

Եղիշե Մելիքյանի՝ հավաքականի մարզիչ նշանակվելուց հետո հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը հայտնել էր հավաքականից հեռանալու որոշման մասին՝ շեշտելով, որ պատճառը հավաքականի նորանշանակ մարզչի հետ չստացված համագործակցությունն է։

Ֆեդերացիայի հետ հարաբերությունների մասին

Լրագրողի հարցին, թե արդյոք Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ նախկին տարաձայնությունները մոռացված են, Մելիքյանն ասաց, որ այդ ամենի մասին կարող է մանրամասն խոսել այս երկու խաղերից հետո․

«Ամեն ինչ նորմալ է, խնդիր չեմ տեսնում։ Ներսում կամ ֆեդերացիայում, կամ որտեղ ինձ ինչ-որ խանգարող հանգամանքներ կա, բոլորը ինձ ուզում են օգնեն, որ իմ ու իմ թիմի մոտ ամեն ինչ լավ լինի, դա իմ համար կարևոր է»,- հավելել է Մելիքյանը։

Այս տարվա օգոստոսի 6-ին Եղիշե Մելիքյանը պաշտոնապես դարձավ հավաքականի գլխավոր մարզիչ։ Մինչ այդ հավաքականը գլխավորում էր նիդերլանդացի Ջոն վան’ տ Սխիպը։ Նրա գլխավորությամբ հավաքականը չորս հանդիպում է անցկացրել՝ 3 պարտություն, մեկ ոչ-ոքի: Հայաստանը ԱԱ-2026-ի որակավորման փուլում կխաղա Պորտուգալիայի, Հունգարիայի ու Իռլանդիայի հավաքականների դեմ։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում