Ստավրոպոլում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, որը, ըստ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ), «Ուկրաինայի հատուկ ծառայությունների ցուցումով ահաբեկչական գործողություններ էր ծրագրել Ստավրոպոլի և Եսենտուկիի տարածքներում»։
Ըստ ծառայության տեղեկատվական կենտրոնի՝ 2025-ին նա տեղափոխվել էր Ստավրոպոլ աշխատելու նպատակով և այդ ընթացքում ծանոթացել Ուկրաինայի հատուկ ծառայությունների ներկայացուցչի՝ Օլեգ անունով անձի հետ։ Ըստ հաղորդագրության՝ «նա երդում էր տվել և իրականացրել պետական օբյեկտների հետախուզություն»։
Ադրբեջանի քաղաքացին նպատակ ուներ կազմակերպել պայթյուններ ուժային կառույցների շենքերում և տրանսպորտային հանգույցներում։ Նախկինում նա ծառայել է Ադրբեջանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներում և, ըստ նախաքննության, մտադիր էր իր ռազմական հմտությունները օգտագործել ահաբեկչություններ իրականացնելու նպատակով։
Խուզարկությունների ժամանակ ադրբեջանցու մոտ հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի բաղադրիչներ, կապի միջոցներ և էլեկտրոնային կրիչներ։ Քրեական գործ է հարուցվել ահաբեկչական ակտի նախապատրաստման հոդվածով։ ՖՍԲ-ի տվյալներով՝ նա գործել է Ուկրաինայի ահաբեկչական կազմակերպության ղեկավարների ուղղակի ցուցումով։
Ռուս-ադրբեջանական լարվածությունը ծագել է հունիսի 27-ին Եկատերինբուրգում ադրբեջանցիների խուզարկություններից և ձերբակալություններից։ Ըստ Բաքվի տվյալների՝ այդ օրերին ավելի քան 50 ադրբեջանցի է ձերբակալվել, երկու եղբայր՝ Զիյադդին և Հուսեյն Սաֆարովները, սպանվել են, և մի քանի հոգի տեղափոխվել են հիվանդանոց։
Ռուսաստանի իրավապահների գործողություններին ի պատասխան՝ օրեր անց Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները Բաքվում ձերբակալել էին Ռուսաստանի երկու խումբ քաղաքացիների։
Civilnet











