Գլխավոր Լրահոս

Դաղստանում հրապարակ են անվանակոչել Ստալինի պատվին

Դաղստանում հրապարակ են անվանակոչել  Ստալինի պատվին

Ելիզավետա Չուխարովա, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում

Շաբաթ օրը Դաղստանի Կասպիյսկ քաղաքում հանդիսավոր միջոցառում է տեղի ունեցել. քաղաքի կենտրոնական հրապարակը, որը «Դաղդիզել» (Դաղստանի դիզել) գործարանի մուտքի դիմաց է, վերանվանվել է խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի անունով։ Միջոցառմանը մասնակցել են քաղաքապետարանի ներկայացուցիչներ, գործարանի ղեկավարությունը, վետերաններ, հասարակական գործիչներ և բնակիչներ։

Միջոցառմանը ներկա էին Կասպիյսկի ղեկավարի տեղակալ Գուսեին Ունկիլովը, քաղաքի զինվորական կոմիսար, գնդապետ Մարատ Փաշաևը, գեներալ-մայոր Գերման Կիրիլենկոն, գործարանի փոխտնօրեն Ռուսլան Կասումովը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և գործարանի աշխատակիցների ներկայացուցիչներ։

Կասումովի խոսքով՝ հրապարակը Ստալինի անունով կոչելը «հայրենիքին մատուցած ծառայության հարգանքի տուրք» է։ Նա ընդգծել է, որ այս որոշումն ուղիղ կապ ունի գործարանի ստեղծման պատմության հետ։

«Այսօր մեր գործարանը պատիվ ունի բացելու հուշատախտակ այս կարևոր պատմական գործչի՝ Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինի հիշատակին։ Հենց Ստալինն էր, որ աջակցեց թիվ 182 գործարանի ստեղծման նախաձեռնությանը։ Առանց այս գործարանի, չէր լինի Կասպիյսկը, և, հետևաբար, մենք էլ չէինք լինի»,- ասել է նա։

Հուշատախտակը բացել են Ունկիլովն ու Կիրիլենկոն։ Այն պատկերում է Ստալինի դիմանկարը և նշում, որ հրապարակը նրա անունով կոչելու մասին որոշումն ընդունվել է Կասպիյսկի քաղաքապետարանի մարտի 25-ի որոշմամբ։ Բացման արարողությունից հետո մասնակիցները ծաղիկներ են դրել հուշատախտակի մոտ։

2018-ին Կասպիյսկի վարչակազմը առաջարկել էր Խաղաղության փողոցը վերանվանել Ստալինի փողոց։ Առաջարկը հանրային մեծ աղմուկ բարձրացրեց, որից հետո իշխանությունները հետ կանչեցին այն՝ հղում անելով բնակիչների բողոքներին։ Նույնիսկ այդ ժամանակ վարչակազմը պնդում էր, որ քաղաքը իր գոյությամբ պարտական է Ստալինին։

Ապրիլի 29-ին Դաղստանի Դագեստանսկիե Օգնի քաղաքում պատվանդանի վրա տեղադրվեց Ստալինի կիսանդրին։ Սակայն երեք օր անց այն հանվեց, և մնաց միայն դատարկ պատվանդանը։ Քաղաքի ղեկավար Ջալալուդին Ալիրզաևը հայտարարել էր, որ հուշարձանը տեղադրվել էր տեղի կոմունիստների նախաձեռնությամբ՝ առանց իշխանությունների թույլտվության։

Վերջին տարիներին Ռուսաստանում նկատվում է Ստալինի անձի պաշտամունքի վերածնունդ։ Նրա կերպարը հաճախ է օգտագործվում պաշտոնական և հասարակական հռետորաբանության մեջ, տարբեր շրջաններում հայտնվում են նոր հուշարձաններ և հուշատախտակներ։ Նշանավոր օրինակներից է Վոլգոգրադի օդանավակայանին պատմական «Ստալինգրադ» անունը վերադարձնելը, որը 2025-ի ապրիլին հաստատվել է նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով։

Ստալինի կառավարման տարիներին ԽՍՀՄ-ում տեղի են ունեցել զանգվածային բռնաճնշումներ, ինչպես նաև ագրեսիվ պատերազմներ Ֆինլանդիայի և Լեհաստանի դեմ։ 1921-1953 թթ․, նրա փաստացի մենիշխանության 33 տարիներին, միլիոնավոր մարդիկ դատապարտվել են քաղաքական մեղադրանքներով։ Հարյուր հազարավորները գնդակահարվել են 1930-ականների մեծ զտումների ժամանակ։

Ստալինի օրոք իրականացվել են նաև ամբողջ ժողովուրդների բռնատեղահանություններ Կովկասից։ Չեչենները, ինգուշները, կարաչայները, բալկարները և Ղրիմի թաթարները մեղադրվել են Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նացիստների հետ համագործակցության մեջ և բռնի արտաքսվել իրենց հայրենիքից։ Տասնյակ հազարավոր մարդիկ ծանր պայմաններում տեղափոխվել են Կենտրոնական Ասիա և Սիբիր։ Պատմաբանները գնահատում են, որ 200-500,000 մարդ զոհվել է սովից, հիվանդություններից և դժվարին ճանապարհից։

ԽՍՀՄ փլուզումից հետո կովկասյան ժողովուրդների բռնատեղահանությունները ճանաչվել են անօրինական և հանցավոր։ 1991-ին ընդունվել է «Բռնաճնշված ժողովուրդների վերականգնման մասին» օրենքը, որով ճանաչվել է տեղահանվածների տարածքային ամբողջականության վերականգնման և պետության պատճառած վնասի հատուցման իրավունքը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում