Խաղաղության պայմանագիրը էականորեն կնվազեցնի Հայաստանի ռիսկի հավելավճարը․ ԿԲ նախագահ

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը կունենա շատ ավելի մեծ ու էական ազդեցություն երկրի ռիսկի հավելավճարի նվազման և ներդրումների հոսքի տեսանկյունից։
Ի պատասխան պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին, որը վերաբերում էր օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի ազդեցությանը Հայաստանի ռիսկայնության մակարդակի վրա, Գալստյանը նշել է, որ միջազգային գործընկերներից ստացվող ազդակները բավականին դրական են։
«Գործընկերների հետ խոսակցությունների ընթացքում, կլինեն միջազգային կազմակերպություններ, թե կլինեն միջազգային առևտրային կազմակերպություններ, գործընկերների ազդակները և արձագանքները բավականին դրական են»,- ասել է ԿԲ նախագահը։
Որպես դրական դինամիկայի օրինակ՝ նա նշել է Ավստրիա կատարելիք այցը, որի շրջանակում Raiffeisen International-ի հետ Վիեննայում առաջին անգամ կանցկացվեն Հայաստանի բանկային օրեր։
Մարտին Գալստյանի խոսքով՝ ներկայումս դեռևս որոշակի անորոշություն է պահպանվում, ինչով էլ պայմանավորված է, որ «Fitch» վարկանշային գործակալությունը ոչ թե վարկանիշի վերանայում է կատարել, այլ արտահայտել է դրական սպասումներ։
Անդրադառնալով մակրոտնտեսական վերլուծություններին՝ ԿԲ նախագահը հաստատել է, որ հնարավոր է՝ տեղի ունենա տնտեսական աճի պոտենցիալի գնահատման վերանայում։ Նա պարզաբանել է, որ նախկինում աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ երկրի ռիսկի հավելավճարի բարձր մնալու վտանգը բավականին մեծ էր, իսկ այժմ այդ վտանգը, ըստ ԿԲ գնահատման, մեղմվել է․ «Որը ազդեցություն կունենա նաև մեր որոշումների վրա»,- եզրափակել է Գալստյանը։
Civilnet










