Ժաննա Ավագյան
«Կանանց բարոյականության հարցը հաճախ է չարաշահվում քաղաքական նպատակներով, և սա անընդունելի է: Նման քաղաքական մթնոլորտը շարունակում է ծառայել հայրիշխանական գենդերային նորմերին, որոնց հիմնական նպատակը կանանց և այլ համակարգայնորեն անտեսված ձայների լռեցումն է»։ Նման հայտարարություն է տարածել «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպությունը՝ անդրադառնալով վերջին օրերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի միջև տեղի ունեցած միջադեպին։ Կազմակերպությունը հավելել է, որ թեև ոչ մի կերպ չեն արդարացնում Թովմասյանի պահանջը, բայց Հովհաննիսյանի հնչեցրած մտքերը սեքսիստական բնույթ ունեն։
Ընդդիմադիր կին պատգամավորները նույնպես հայտարարություն են արել՝ դատապարտելով Հովհաննիսյանի հնչեցրած հայտարարությունները։
«Սա ոչ միայն ԱԺ-ում տիրող անհանդուրժողական մթնոլորտի հերթական դրսևորումն է, այլև սեռով պայմանավորված խտրականության դրսևորում և ուղղակի հարձակում կանանց քաղաքական մասնակցության դեմ։ Այս իրավիճակը պետք է արժանանա ոչ միայն ներքաղաքական, այլև միջազգային իրավապաշտպան ու կանանց իրավունքներով զբաղվող կառույցների միանշանակ գնահատականին։ Ակնհայտ է, որ մասնագիտական գործունեություն իրականացնող կանանց պարբերաբար թիրախավորելը վերածվել է իշխող ուժի ներկայացուցիչների կրկնվող արատավոր գործելաոճի։
Փաստ է նաև, որ իշխող ուժի ներկայացուցիչները հետևողականորեն իրականացնում են քաղաքական դիսկուրսը նսեմացնելու և արժեզրկելու քաղաքականություն՝ այն վերածելով վիրավորանքների ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտությունների շարանի։ Սա վտանգում է հանրային բանավեճի առողջությունը և ժողովրդավարության հիմքերը, ուստի պետք է արժանանա հանրային կտրուկ և միանշանակ արձագանքի», - հայտարարել են ընդդիմադիր կին պատգամավորները։
Անընդունելի համարելով Ազգային ժողովի բարձր պաշտոն զբաղեցնող անձի կողմից հանրային հարթակում կնոջը թիրախավորող և նվաստացնող բառապաշարի կիրառումը՝ նրանք պահանջել են Արթուր Հովհաննիսյանի կողմից հրապարակային ներողություն և Ազգային ժողովի ղեկավարության հստակ, հասցեական և հրապարակային դատապարտում, ինչպես նաև Ա. Հովհաննիսյանի վարքը քննող Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում։
Մարդու իրավուքնների հարցերով մասնագետ Անդրանիկ Շիրինյանն էլ կարծում է՝ բացի այն, որ կնոջը սեռական հիմքով թիրախավորելը նպաստում է խտրականությանն ու սեքսիստական է, սեռավարակների հանգամանքը շահարկելը ստիգմատիզացնում է նաև այդ թեման:
«Նման խոսքը ամրապնդում է կարծրատիպը, որ սեռավարակները միայն մի քանի զուգընկեր ունենալուց կամ արտամուսնական կապերից կարող են առաջանալ, մինչդեռ Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող կանայք մեծապես վարակվում են իրենց ամուսիններից»,- գրել է նա։
Թովմասյան- Հովհաննիսյան բանավեճ․ ինչ է տեղի ունեցել
Ազգային ժողովում սեպտեմբերի 8-ին հերթական «փոխհրաձգությունն» էր։ Իրադարձության կենտրոնում այս անգամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էին։
Օրերս խորհրդարանում Թովմասյանի ճեպազրույցի ժամանակ միջանցքով անցնող
Հովհաննիսյանը ռեպլիկ է նետել՝ հորդորելով լրագրողներին հարցնել Թովմասյանին, թե ինչու նիստերին չի մասնակցում:
Միջադեպից հետո ընդդիմադիր պատգամավորը նամակ է գրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նշելով, թե Արթուր Հովհաննիսյանի նման վարքագիծը գուցե կողմնակի նյութերի ազդեցության հետևանք է և պահանջել՝ իշխանական պատգամավորն ամեն անգամ խորհրդարան մտնելիս թմրանյութերի օգտագործման թեստ պետք է հանձնի:
Հովհաննիսյանի պատասխանը չի ուշացել. «Դուք լրագրող եք բոլորդ, ոչ ոք երեք-չորս հատ տուն չունեք, չէ՞ Հյուիսիսային պողոտայում: Մի հատ թող ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որ հասկանանք՝ էդ չորս հատ տունը իրեն որտեղից»։
Ապա ՔՊ խմբակցության քարտուղարը վստահեցրել է, որ ինքը կաշկանդված չէ թմրանյութի թեստ հանձնել, բայց դա կանի, միայն եթե հանրությունը նման պահանջ դնի։
Հովհաննիսյանն սպառնացել է կասկածի տակ դնել Թովմասյանի սեռային պատկանելությունը։ Լրագրողների արձագանքից, թե իր այս որակումներով սեռով պայմանավորված խտրական վերաբերմունք է դրսևորում, Հովհաննիսյանը պատասխանել է. «Կինը կարող ասել է՝ ինչ ուզի, բայց տղամարդը պատասխանում է կնոջ անբարոյական մեկնաբանություններին ու իր հասցեին վիրավորանքին, գալիս է՝ վայ, դե կին է: Դե կին է, թող իրան կնոջ պես պահի»:
Այս հարցազրույցից հետո Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Արթուր Հովհաննիսյանի մորը՝ խնդրելով բացատրել իր որդուն, որ չի կարելի կնոջ մասին նման բառապաշարով խոսել։ Հովհաննիսյանն էլ նույն հարթակում դիմել է «Պատիվ ունեմ» դաշինքին՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին հորդորելով «զբաղվել Թագուհի Թովմասյանի դաստիարակությամբ»:
Civilnet











