Ժաննա Անդրեասյանը նախկին իշխանություններին մեղադրեց Ծիծեռնակաբերդը ամենաթողության մատնելու համար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովում նախկին իշխանություններին մեղադրեց՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ամենաթողության մատնելու և անորակ վերանորոգելու համար։ Նրա խոսքով՝ ներկայում ամեն ինչ արվում է «ինչպես կարգն է»։
«Դա հուշարձան է, պետք է անցնի քննարկումներ և ստանա եզրակացություններ, դրանք բոլորը եղել են։ Այս աղմուկի շրջանակում մենք Ճարտարապետների միությունից ստացանք առանձին գրություններ, որից հետո հրավիրեցինք բոլոր մասնագետներին, և վերահաստատվեցին բոլոր այն մասնագիտական մոտեցումները, որոնցով աշխատանքն իրականացվում է։ Վստահեցնում եմ՝ հուշահամալիրը բաց է, թանգարանը բաց է, դրանք երբեք չեն փակվելու»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։
Նա նաև վստահեցրեց, որ իրականացվել են բոլոր ընթացակարգերը, իսկ մրցույթը եղել է մրցակցային։ Ըստ Անդրեասյանի՝ մրցույթի հետ կապված ևս որևէ խնդիր չկա։
Նախարարը հավելեց, որ սյուների (մույթերի) մասով բոլոր տեխնոլոգիական լուծումները գտնված են, և առաջիկա օրերին կմեկնարկի նաև դրանց վերանորոգումը։
Կարդացեք նաև՝
Civilnet










