Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է 2026-ի ամառային զորակոչից սկսած շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսից կրճատել՝ սահմանելով 18 ամիս։ Նշվում է, որ նախաձեռնությունը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրից, որով նախատեսվում էր կրճատել պարտադիր ծառայության ժամկետը՝ զինված ուժերում պայմանագրային զինծառայողների թիվն ավելացնելու հաշվին։
Ըստ նախագծի հիմնավորման՝ վերջին տարիներին պայմանագրային ծառայությունը գրավիչ դարձնելու ուղղությամբ արդյունավետ քայլեր են իրականացվել, օրինակ ներդրվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, արհեստավարժ սերժանտական և ատեստավորման համակարգերը, ինչպես նաև սահմանամերձ զորամասերում ծառայության խրախուսումը։
ՊՆ-ն պնդում է, որ այս բարեփոխումների դրական արդյունքները թույլ են տալիս անցում կատարել 18-ամսյա ծառայության։ Հիմնավորում են նաև, որ օրենքի ընդունման արդյունքում պետական բյուջեի ծախսերի նվազում է կանխատեսվում, որը զգալի կդառնա 2028-ից։
Գևորգ Թոսունյան
Civilnet











