Կառավարությունը պետբյուջեից սեմինարների, միջազգային գիտաժողովների, ցուցահանդեսների, պրեզենտացիաների համար այս տարի կծախսի մոտ Դ464 մլն: Ծախսերը կատարվելու են արտահանմանը օժանդակելու հիմնավորումով։ Ճիշտ է, ծրագիրը դեռ չի սկսվել, սակայն կարելի է ասել, որ պետական միջոցներն ավելի շուտ ծախսվելու են պաշտոնյաների օտարերկրյա շրջագայությունների վրա: Օրինակ՝ Շանհայի միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար Հայաստանը ծախսեց Դ569 մլն: Կա՞ արդյոք որևէ պաշտոնյա կամ հաստատություն, որը կարող է խոսել ծախսված այդ գումարների թեկուզ փոքր արդյունքի մասին:
Կառավարության այսօրվա նիստին էկոնոմիկայի նախարարությունը հաստատման է ներկայացրել որոշման նախագիծ, որի անվանումն է «Պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2013թ. ծրագիր»:
Այս տարի ծրագրի շրջանակում էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է իրականացնել արդյունաբերության ոլորտի միջազգային հանրաճանաչ կազմակերպությունների ներգրավման և մուտքի ապահովման միջոցառումներ։
Արտասահմանյան կազմակերպություններին Հայաստան ներգրավելու հարցում նախարարությունը, սակայն, նախապատվությունը կրկին տալիս է ոչ թե երկրում գրավիչ ներդրումային դաշտ ստեղծելուն, այլ հայկական ավանդական եղանակին. արտերկրում ներդրումային ֆորումների և այլ միջոցառումների միջոցով ընտրված անդրազգային ընկերությունների համար պարզապես կազմակերպվելու են շնորհանդեսներ: Հասկանալի է, որ նախապատրաստական աշխատանքների իրականացումը, ճանապարհածախսը, տարածքի վարձակալությունը, կոմունիկացիոն ծախսերը, տեղեկատվական նյութերի պատրաստումը կատարվելու են պետբյուջեի հաշվին, իսկ թե ինչ արդյունքներ են ակնկալվում, պարզ չէ։
Նախատեսված է պոտենցիալ ներդրողների և բարձր կառավարչական պաշտոն ունեցող սփյուռքահայերի տվյալների բազայի պատրաստում: Սա բավական ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ արդեն մի քանի տարի շարունակ խոսվում է նման բազայի ստեղծման մասին: Այդպիսի բազա պետք է ստեղծվեր Համահայկական բանկում։ Ուշագրավ է, որ այդ բազան ստեղծվում է ոչ թե կոնկրետ հարցեր քննարկելու, այլ հետագա տարիներին Հայաստանում արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների համահայկական համաժողով կազմակերպելու համար: Հաշվի առնելով համահայկական նմանատիպ համաժողովների արդյունքները՝ այս մեկից ևս լուրջ արդյունքներ ակնկալել պետք չէ։
Նախորդ տարիներին Երևանում կազմակերպվեց ֆինանսիստների և բանկիրների համահայկական համաժողով, Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների կամ լրագրողների համահայկական համաժողով։
Հայկական ապրանքների նպատակային շուկաներում առաջմղման համար ծրագրով նախատեսված է մինչև երեք երկրների նպատակային շուկաներում գովազդում, դահլիճի և սարքավորումների վարձակալություն, այդ թվում՝ համտեսների կազմակերպման հետ կապված ծախսեր, տպագիր նյութերի պատրաստում: Նախատեսվում է նաև համտեսների կազմակերպման նպատակով յուրաքանչյուր նպատակային երկրում պետական կառույցներից մինչև չորս ներկայացուցիների մասնակցության ապահովում:
Ծրագրով նախատեսվում է մինչև 5 թիրախային երկրներում ցուցահանդեսի մասնակցության աջակցություն: Իսկ թե որ ընկերությունները կարող են մասնակցել՝ պետբյուջեից օգնություն ստանալով, որոշվելու է ոլորտային խորհուրդներում, որոնք հիմնվել են էկոնոմիկայի նախարարի հրամաններով։ Այդ ցուցահանդեսների կազմակերպման նպատակով նախատեսվում է յուրաքանչյուր ցուցահանդեսի պետական կառույցներից երկու ներկայացուցիչների մասնակցության ապահովումը:
Հասկանալի չէ, թե համտեսներին կամ ցուցահանդեսներին ինչու պետք է պարտադիր մասնակցեն պետական գերատեսչությունների ներկայացուցիչները։ Հնարավոր է՝ էկոնոմիկայի նախարարությունը առաջնորդվել է սկզբունքով. «Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»։

Civilnet










