Նախագահական ընտրություններից հետո վերջնական սպառողի համար գազի սակագինը կարող է բարձրանալ մոտ 30%-ով, իսկ նորընտիր նախագահի պաշտոնավարումն ու նոր կառավարության գործունեությունը` սկսվել համատարած գնաճով։
Կառավարությունն ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, նախագահական ընտրություններով պայմանավորված, ամեն կերպ քողարկել են Հայաստան մատակարարվող ռուսական գազի թանկացման փաստն ու վերջնական սպառողի համար գազի սակագների բարձրացման հնարավորությունը։ Կենտրոնական բանկը, սակայն, «բացահայտել» է իրողությունները։
ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ փետրվարի 12-ի հաղորդագրությունում բավական ուշագրավ տեղեկատվություն է հրապարակվել։ «Կարճաժամկետ հատվածում առկա են գնանկումային ռիսկեր՝ կապված համաշխարհային տնտեսության վատատեսական հեռանկարների և գնաճային ռիսկեր՝ կապված գազի սակագների հնարավոր թանկացման հետ, որոնց ընդհանուր ազդեցության մեջ գերակայում են գնաճային ռիսկերը»,– նշված է ԿԲ հաղորդագրությունում։
Թեև Կենտրոնական բանկում խոսում են «գազի սակագների հնարավոր թանկացման» մասին, սակագնի փոփոխությունն իրականում անխուսափելի է, պարզապես գլխավոր դրամատունը այս մասին առայժմ նախընտրում է զգուշավոր ակնարկել։ Այս հաղորդագրությունից երևում է նաև, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունները, թե հայ-ռուսական բանակցությունները շարունակվում են, և գազի գինը դեռ պարզ չէ, մեղմ ասած՝ իրականությանը չեն համապատասխանում, իշխանություններին արդեն հայտնի է գազի գինը։
Կենտրոնական բանկը, վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունում ամրագրելով սակագների բարձրացման հնարավորությունը, «ժանրի դասական կանոններով» ազդակներ է հղում շուկայի մասնակիցներին (ֆինանսական կազմակերպություններին, տնտեսավարողներին)՝ արտաքին և ներքին տնտեսությունում հնարավոր զարգացումների և ԿԲ հետագա քայլերի վերաբերյալ։
Որ Հայաստանի համար ռուսական գազի գինը բարձրացրել է, պարզ էր արդեն Պետական եկամուտների կոմիտեի վիճակագրությունից։ Ընդ որում՝ գազի գնի փոփոխությունը տեղի է ունեցել 2011թ. երկրորդ կեսից։ Արդյունքում անցած տարի Հայաստան առաքվող ռուսական գազի 1000 խմ միջին գինը կազմել է $232,4, իսկ չորրորդ եռամսյակում՝ $254/1000 խմ։ Բացի այդ՝ անցած տարի Ռուսաստանը վերանայել է Հայաստանի մատակարարվող գազի գնագոյացման մեխանիզմը՝ տարեկան գնից անցում է կատարվել եռամսյակայինի։ Կառավարությունը մինչ այս, պայմանավորված նախագահական սպասվող ընտրություններով, վերջնական սպառողի համար սուբսիդավորել է գազի գնի ու սակագնի միջև տարբերությունը։ Փետրվարից հետո նման գործելաոճի անհրաժեշտությունը վերանալու է։
Այս պայմաններում վերջնական սպառողների համար սակագնի փոփոխությունն անխուսափելի է։ Եթե անգամ 2013թ. ռուսական գազի գինը մնա անցած տարվա չորրորդ եռամսյակի մակարդակում՝ $254/1000 խմ, ապա միայն գազի գործոնով պայմանավորված՝ բնակչության համար 1 խմ-ի սակագինը ներկայիս Դ132-ից կբարձրանա մինչև Դ162 (23%-ով), իսկ խոշոր սպառողները 1000 խմ-ի դիմաց ներկայիս $243,13-ի փոխարեն կվճարեն $313,13 (աճը՝ 29%)։
Նախորդ տարիների միտումները ցույց են տալիս, որ գազի սակագնի բարձրացումն ընդհանուր գնաճի վրա թողում է 0,5-1% ազդեցություն: Գազի թանկացումը անխուսափելիորեն հանգեցնելու է վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը։ Այս պայմաններում գնաճի վրա ազդեցությունը կարող է կազմել մինչև 2%։
Ազդեցության աստիճանը կախված է մուլտիպլիկատիվ էֆեկտից։ Արդեն իսկ ակնհայտ է, որ գազի թանկացումը հանգեցնելու է տաքսի ծառայությունների կողմից սակագների վերանայմանը, չի բացառվում՝ բարձրանան երթուղային տրանսպորտի սակագները (տնտեսավարողները բազմիցս են նշել, որ ներկայիս սակագները արդարացի չեն)։ Հաշվի առնելով նաև բիզնեսավարման հայկական առանձնահատկությունները՝ բարձրանալու են նաև առաջին անհրաժեշտության ապրանքների գները։
Լուսանկարը` ARMENPRESS-ի:
Civilnet











