Յոթ տարբեր երկրների նախագահի թեկնածուները
Սերժ Սարգսյանն ասում է, որ մարդիկ չեն ուզում 150 հազար դրամով ֆիզիկական ծանր աշխատանք կատարել: Նախ՝ ինչո՞ւ պետք է ուզենան: Երկրորդ՝ ինչո՞ւ պետք է ֆիզիկական ծանր աշխատանքը գնահատվի առավելագույնը 150 հազար դրամ, եթե նախագահի աշխատանքը ֆիզիկական ծանր գործ չէ և անհամեմատ բարձր է վարձատրվում:
Անդրիաս Ղուկասյանը հայտարարել է, որ միասնական թեկնածուի շուրջ բանակցություններն ի սկզբանէ դատապարտված էին: Իսկ ինքդ ինչ-որ քայլ կատարե՞լ ես այդ ուղղությամբ, որ դատապարտված չլինեն: Հացադուլ հայտարարելը սեփական կարևորությունդ հռչակելու եղանակ չէ՞: Ի սկզբանե քեզ առանձնացնելու ձև չէ՞: Հետևաբար՝ ինքդ դրանով չե՞ս ակնարկել, որ միասնական թեկնածուի մասին զրույցներով մյուս թեկնածուները քեզ չանհանգստացնեն: Որ, քարը տրաքի, այդ թեկնածուն դու ես:
Վարդան Սեդրակյանը քարոզարշավի փոխարեն պատմում է, թե Հայրիկյանի գործով ձերբակալվածների հետ ինչ առնչություն է ունեցել: Նա, իհարկե, մտադիր էլ չէր քարոզարշավ անել, բայց փաստորեն ներքաշվել է հակաքարոզչության մեջ: Հավանաբար իշխանությունն այդպես է «վճարում» մարդկանց, որոնց մտքի յուրաքանչյուր պոռթկում միայն առավել անլուրջ է դարձնում ընտրությունները:
Պարույր Հայրիկյանի պարագան հետաքրքիր է, նա մեղայականի նման է գիտակցել, որ գայթակղություն է ունեցել մտածել Հրանտ Բագրատյանի հետ համագործակցելու մասին: «Դու գո՞ղ ես, թե՞ ավազակ»,– իրեն ցավակցելու եկած մարդու մասին ասում է հունվարի 31-ին և փետրվարի 1-ին Հայաստանի ամենահեղինակավոր մարդը: Հայրիկյանին ջղայնացրել էր, որ Բագրատյանը հրապարակայնացրել է գաղտնի բանակցությունները: Ըստ իսէ կարելի չէ, որ ամբողջ քաղաքական կենսագրությունը հակաԿԳԲ-ական հռչակած մարդը գաղտնիքներ ունենա իր ժողովրդից: Եթե նույնիսկ դրանք նախաքննական են:
Հրանտ Բագրատյանը գյուղացիներին ասում է. «Չեմ տալու ձեզ էժան վառելիք, ձեզ փողն եմ տալու»: Որքան գիտեմ, փողը վառելիքից պայմանական բան է: Գյուղացիներն իրենք են փողն ստեղծում: Իսկ վառելիքը կոնկրետ է: Այն պետք է լինի՝ անկախ նրանից՝ փող կա, թե ոչ: Հետևաբար՝ գյուղացիների ուզածը փողը չէ, ինչից էլ նրանք խոսեն՝ փողից, թե վառելիքից, հոգու խորքում ուզում են հասկանալ՝ ո՞վ ես դու իշխանություններին գահընկեց անելու վաղուց ապարդյուն այս պայքարում:
Լոռու մարզում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է. «Այս անգամ ի զորու ենք ընտրությունների միջոցով փոխելու երկրում տիրող իրավիճակը, որովհետև այլևս հանդուրժել չի կարելի»: Как раз առաջին անգամ ի զորու չեք, որովհետև Սերժ Սարգսյանից ավելի լավ չեք կարող ասել՝ սա Հայաստանն է և վերջ: Նա հո գիտի, որ սա Ֆինլանդիան չէ: Իսկ դուք չգիտեք: Նա գիտի, որ իրեն ամեն ինչ կարելի է, իսկ դուք չգիտեք, որ ձեզ ոչինչ էլ չի կարելի:
Արման Մելիքյանն ասում է. «Մեզ ծանր ժամանակներ են սպասվում, հոգեբանորեն կոտրված է այս ժողովուրդը»: Եվ ինչո՞ւ է հատկապես այս, ինչպես սոցիոլոգներն են պնդում, զրոյից մինուս վարկանիշով երիտասարդը գլխի ընկել ամեն ինչ: Մի՞թե վարկանիշի պակասն այդքան օգնում է հասկանալ, որ ամենավատն այս ընտրություններից հետո է լինելու: Կարո՞ղ է պատահի, որ միայն այս երիտասարդն է առաջադրվել Հայաստանի Հանրապետությունում, իսկ մնացածն առաջադրվելիս այլ երկրներ են նկատի ունեցել:
Թեմա
Մհեր Արշակյան










