Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ը Հայաստանին կտրամադրի 145 մլն դոլար՝ որպես «Թրամփի ուղու» ֆինանսավորման առաջին մասնաբաժին

ԱՄՆ-ը Հայաստանին կտրամադրի 145 մլն դոլար՝ որպես «Թրամփի ուղու» ֆինանսավորման առաջին մասնաբաժին

Սեպտեմբերի 11-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

«Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված փոխըմբռնման հուշագրերի շրջանակներում զարգացնել երկկողմ հարաբերությունները:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները, անդրադարձել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի կարևորությանը:

Այս համատեքստում ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը նշել է. «Անչափ ուրախ եմ հայտնել, որ աշխատելով Կոնգրեսի հետ, մենք մտադիր ենք Հայաստանին տրամադրել 145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։ Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը՝ առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով»:

Օրերս Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությունը այցով Բաքվում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ։ Հանդիպումներում քննարկվել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում