Լյուսի Մարտիրոսյան, Հոդվածը հրապարկվում է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում
Անին հիշում է, թե ինչպես էր մանկության տարիներին երեկոյան դրսում խաղում, իսկ հետո տուն վերադառնում կարմրած աչքերով՝ մոտակայքում այրվող աղբավայրից քամու բերած թունավոր մշուշի պատճառով։ Երևանի հարավային ծայրամասում գտնվող Նուբարաշեն թաղամասի բնակիչ, այժմ 28-ամյա Անին ասում է, որ կորցրել է հաշիվն այն դեպքերի, երբ դժվարությամբ էր շնչում Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհներից առաջացած արտանետումների պատճառով։
Վերջին հրդեհը, որը բռնկվել էր օգոստոսի 8-ին, թաղամասը պատել էր ծխածածկույթով, որը տարածվել էր հարակից թաղամասերում՝ Էրեբունիից մինչև Երևանի կենտրոն։ Մի քանի օր շարունակ ծխացող պլաստիկի և քիմիական նյութերի հոտը ծածկել էր քաղաքը։
«Կրծքավանդակիս շրջանում այրոց էի զգում, - OC Media-ին պատմում է Անին,- «Քրոջս չորս ամսական երեխան հազում էր»։
1950-ականներին առանց թույլտվության հիմնադրված Նուբարաշենը Հայաստանի ամենամեծ բացօթյա աղբավայրն է, որտեղ գրեթե ամբողջությամբ բերվում են Երևան քաղաքի թափոնները: Չկարգավորվող և վտանգավոր այս աղբավայրում տևական ժամանակ մարդու գործունեության հետևանքով անընդհատ հրդեհներ են բռնկվել և հանգեցրել ջերմոցային գազերի արտանետման։
Օգոստոսյան հրդեհից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց պետական-մասնավոր գործընկերության միջոցով Նուբարաշենի աղբավայրը Հայաստանի թափոնների վերամշակման առաջին ժամանակակից գործարանով փոխարինելու ծրագրերի մասին: Օգոստոսի 18-ին նա քաղաքապետարանի պաշտոնյաներին հանձնարարեց մինչև տարեվերջ կազմակերպել երկփուլ մրցույթ՝ սպառնալով, որ վերջնաժամկետները բաց թողնելու դեպքում «համապատասխան կադրային որոշումներ» կկայացվեն: Այնուամենայնիվ, դրանից հետո մանրամասներ չեն հաղորդվել, թե ինչպես նախագիծը կիրականացվի կամ երբ այն կարող է ավարտվել։
Տեղի շատ բնակիչներ և բնապահպաններ ասում են, որ նույն խոստումները լսել են նախկինում։ Երկու տասնամյակից ավելի միմյանց հաջորդած կառավարություններն ու քաղաքային իշխանությունները խոստացել են փակել կամ արդիականացնել այս աղբավայրը, մինչդեռ մարդիկ շարունակում են ապրել՝ կրելով առողջությանն ու շրջակա միջավայրի վրա աղբավայրի ազդեցության հետևանքները։
Երևանի «թունավոր ռումբը» փակելու ձախողված փորձեր
Աղբավայրը բարեփոխելու վերջին փորձը կատարվել է 2015-ի «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» միջոցով, որը ֆինանսավորվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ-ի դրամաշնորհներով: Այն նպատակ ուներ Նուբարաշեն թաղամասում կառուցել այս շրջանի համար նախատեսված նոր աղբավայր և փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը։ Ծրագիրը գնահատվում էր 26 միլիոն եվրո (30 միլիոն դոլար): Սակայն գրեթե 10 տարի ծրագրի չիրագործվելուց հետո Ավինյանը 2024-ի հուլիսին հայտարարեց, որ այն չեղարկվել է:
«Մեր քաղաքապետարանն ասաց, որ դադարեցրել է Եվրոպական բանկի ծրագիրը, քանի որ ոչ մի ընկերություն չի մասնակցել մրցույթին,- OC Media-ին ասել է բնապահպանական հարցերով զբաղվող «ԷկոԼուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը,- Առաջին անգամ եմ լսում, որ որևէ ընկերություն աշխարհում չի կարող շահույթ ստանալ աղբից», - ասում է նա։
Զարաֆյանը 15 տարի շարունակ փորձում է բարձրացնել աղբավայրի վտանգների մասին իրազեկվածությունը։ «Մեզ անհրաժեշտ են հստակ և խիստ միջոցներ՝ չեզոքացնելու համար այս թունավոր ռումբը, որի վրա նստած ենք»,- նշում է նա։
Զարաֆյանը հավելում է, որ հրդեհներ բռնկվում են ամեն տարի, և աղբավայրից արտանետվող ածխաթթու գազի և մեթանի մակարդակի բարձրացումը հակասում է Փարիզի համաձայնագրով Հայաստանի ստանձնած կլիմայական պարտավորություններին: Բացի այդ՝ չնայած 2021-ի մարտին ուժի մեջ մտած ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) պահանջում է, որ քաղաքային թափոնները մշակվեն նախքան աղբավայր ուղարկվելը, իրականում այս դրույթը չի իրականացվում։
Այս խնդիրները կրկին ուշադրություն են հրավիրել Երևանի թափոնների մշակման նոր գործարան կառուցելու ծրագրերի վրա։
ՎԶԵԲ-ի հայկական մասնաճյուղը ողջունել է Երևանի ավագանու նոր նախաձեռնությունը՝ OC Media-ին հայտնելով, որ չեղարկված սկզբնական նախագիծը «վերագնահատվելու և վերանայվելու է», որպեսզի այն համապատասխանեցվի քաղաքի և երկրի թափոնների վերաբերյալ թարմացված ռազմավարությանը։
«Ավելի շատ հարցեր, քան պատասխաններ»
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի թափոնների կառավարման փորձագետ Հարություն Ալպետյանը մտահոգ է, թե ինչպես է քաղաքապետարանը նախատեսում հետագայում կանխել գործող աղբավայրում հրդեհները: «Հարցերն ավելի շատ են, քան պատասխանները», - ասում է նա:
Քաղաքապետարանը հայտնել է, որ հարյուրավոր փրկարարներ օգոստոսի 8-ի հրդեհը մարել են՝ օգտագործելով ավելի քան 22,000 տոննա ջուր: Ինը օր աշխատելուց և գրեթե 2,500 բեռնատար հող կիրառելուց հետո մեծ մասամբ հնարավոր դարձավ ծխի դեմն առնել: Ալպետյանն ասում է, որ հետագա հրդեհները կանխելու համար անհրաժեշտ է կանոնավոր կերպով հողածածկույթ ապահովել և գուցե ջուր կիրառել, հատկապես ամառվա սեզոնին 40°C շոգի ժամանակ:

Ալպետյանը նաև նշում է, որ առկա աղբի մշակումը արտաքին կայանում «բացարձակապես անիրատեսական» է, պնդելով, որ փոխարենը, նախևառաջ ուշադրությունը պետք է կենտրոնացվի նոր առաջացած թափոնները նոր կայան տեղափոխելու և այնտեղ վերամշակելու վրա։
Այդուհանդերձ, Երևանի քաղաքապետարանը դեռ հստակ չի հայտարարել, թե աղբի մշակման ինչ տեսակի կայան կընտրի։
Ալպետյանի նախընտրած տարբերակներից մեկը կենսագազի գործարանն է, որտեղ անաէրոբ մարսման միջոցով մեթան կարտադրվի, որը կարող է վերածվել էներգիայի, օրինակ՝ ջերմոցներ տաքացնելու համար: Հաջորդ լավագույն տարբերակը կլինի կոմպոստացման կայանը: Սակայն այս տարբերակներից որևէ մեկի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ կլինեն լրացուցիչ ենթակառուցվածքներ, ինչպիսիք են երկրորդային տեսակավորումը, վերամշակման ավելի մեծ ծավալը և օրգանական թափոնների տեսակավորումը դրա առաջացման վայրին մոտ:
Նույն կերպ, այրման մեթոդը, որի դեպքում թափոններն այրվում են ջերմություն և էլեկտրաէներգիա ստանալու համար, շատ ավելի թանկ է և պակաս իրագործելի՝ առաջին հերթին թափոնները տեսակավորելու անհրաժեշտության պատճառով։
Այլընտրանքային տարբերակ է մեխանիկական կենսաբանական մաքրման (ՄԿՄ) կայանի կառուցումը, որը վիճահարույց և թանկարժեք մեթոդ է, որը համատեղում է տեսակավորումը և կենսաբանական գործընթացները՝ խառը աղբը մշակելու համար: Ալպետյանը, սակայն, չի կարծում, որ ՄԿՄ-ն իդեալական տարբերակ է, քանի որ դրա հիմնական ենթամթերքը՝ աղբից ստացված վառելիքը, ներկայումս չունի սպառման շուկա: Հետևաբար, կա ռիսկ, որ լրացուցիչ թափոններ կկուտակվեն՝ ռեսուրս դառնալու փոխարեն:
Անկախ նրանից, թե քաղաքային իշխանությունը որ տարբերակը կընտրի, Ալպետյանն ընդգծում է, որ «մարդիկ պետք է հասկանան այդ տարբերակները և դրանց գինը», քանի որ առանց քաղաքապետարանի կողմից ավելի շատ թափանցիկության, «դա պարզապես «կանաչ լվացում» (greenwhashing) կլինի»։
Որպես երկարաժամկետ լուծում, նա խորհուրդ է տալիս ընդլայնել աղբի վերամշակման Երևանի ծրագիրը, տեղադրել ավելի շատ աղբամաններ, կառուցել երկրորդային տեսակավորման կայան և ներդնել օրգանական թափոնների առանձին հավաքման համակարգ դրանց առաջացման վայրում՝ կոմպոստացման կամ բիոգազի արտադրության կայանների զարգացման համար հնարավորություններ ստեղծելու համար։
Սակայն, որպեսզի այս նախաձեռնությունները արդյունավետ լինեն, դրանք պետք է աջակցություն ստանան՝ համապատասխան ֆինանասվորման և կարգավորող միջոցառումների տեսքով։

Թափոնների արդյունավետ կառավարման խոչընդոտները
Երևանի աղբահանության համակարգի վերաբերյալ Համաշխարհային բանկի 2024-ի զեկույցն ընդգծում է CEPA-ի շրջանակում ԵՄ-ի առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունները, որոնք պահանջում են, որ թափոնների կառավարումը հետևի «աղտոտողն է վճարում» սկզբունքին: Սա նշանակում է, որ թափոններ ստեղծողները պետք է հոգան դրա հավաքման, մշակման և աղբավայրում հետագա մշակման բոլոր ծախսերը: Ուսումնասիրությունը նաև նշում է, որ թափոնների մշակման ներկայիս վճարները ցածր են, ինչը «խոչընդոտում է ծառայության զարգացմանը»:
Ալպետյանը շեշտում է, որ աղբի հավաքման և հեռացման ծառայության վճարի բարձրացումը կարևոր է ոչ միայն ծախսերի փոխհատուցման, այլև աղբավայրերի գոյացումը կանխելու, աղբի վերամշակումը խթանելու և բնակիչներին իրենց թափոնները տեսակավորելու հստակ խթան տալու առումով։
Համարժեք ֆինանսավորման բացակայությունը աղբավայրի բաց և չբարեփոխված մնալու պատճառների մի մասն է միայն։ Ալպետյանը և այլ բնապահպաններ նաև մատնանշում են համակարգային ավելի խորը խնդիրներ, ինչպիսիք են աղբահավաքները, որոնք տեսակավորում են աղբը, որի աղբավայր տեղափոխման համար վճարել են բնակիչները, առանձնացնում են արժեքավոր նյութերը, ապա դրանք վաճառում վերամշակող ընկերություններին։
«Բոլորը գիտեն, որ աղբավայրում տեղի է ունենում անօրինական, ստվերային գործունեություն: Որոշ անձինք, որոնց ինքնությունը մնում է անհայտ, Նուբարաշենի աղբավայրը վերածել են շահութաբեր բիզնեսի՝ գործելով ոչ պաշտոնական ցանցերի միջոցով, որոնք արժեքավոր նյութեր, մասնավորապես՝ գունավոր մետաղներ են արդյունահանում»,- ասում է անկախ բնապահպանական հարցերի իրազեկման մասնագետ Էմիլ Մկրտչյանը:
Նա պնդում է, որ շատ դեպքերում Նուբարաշենի աղբավայրում հաճախակի հրդեհները «մարդկային գործունեության, մասնավորապես՝ մալուխներում առկա պղինձը և այլ մետաղներն առանձնացնելու նպատակով մալուխներն այրելու» հետևանք են։
«Այնտեղ մոտ 100 հոգուց բաղկացած թիմեր են աշխատում, և նրանք ունեն իրենց սեփական վերահսկողությունը, իրենց ղեկավարները», - հավելում է Զարաֆյանը՝ բացատրելով, որ այս կազմակերպված ցանցերը շահագործում են աղբավայրի համակարգը և դժվարացնում աղբավայրի փակումը քաղաքապետարանի համար։
2015 թվականի ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող նախագիծը առաջարկել էր աղբահավաքների համար կենսապահովման ապահովման միջոցներ, սակայն այս ծրագրի ձախողման պատճառով մինչ օրս այլընտրանքային լուծումներ չեն եղել։
Բնապահպանական և առողջապահական ռիսկեր
Նուբարաշենի աղբավայրը, որը 52 հեկտար մակերես է զբաղեցնում և մոտ 73 ֆուտբոլային դաշտի չափ է, ամեն օր այստեղ է բերվում ավելի քան հազար տոննա չտեսակավորված աղբ, այդ թվում՝ վտանգավոր, չքայքայվող իրեր, ինչպիսիք են օգտագործված բժշկական պարագաները, տակդիրները, տեքստիլ նյութերը և մարտկոցները։
Ըստ Համաշխարհային բանկի 2024-ի զեկույցի՝ այս թափոնների կեսից ավելին օրգանական նյութեր են, ինչպիսիք են սննդի մնացորդները, այգիների խնամքի արդյունքում գոյացած բուսական ծագման նյութերը և բակային աղբը։

Երբ կենսաքայքայվող թափոններն աղբավայրում հայտնվում են խորը հողի տակ և քայքայվում են անաէրոբ մարսման միջոցով՝ քայքայվելով քիչ կամ ընդհանրապես թթվածնի բացակայությամբ, այս գործընթացն առաջացնում է մեթան, որը խիստ դյուրավառ գազ է: Վատ մարված ծխախոտը կամ ծայրահեղ բարձր ջերմաստիճանի արդյունքում այն կարող է բռնկել և խոշոր հրդեհների պատճառ դառնալ:
«Այս հրդեհը նպաստում է ուռուցքաբանական ռիսկերի ավելացմանը՝ մեծ քանակությամբ մեթանի և ածխաթթու գազի արտանետման պատճառով, - ասում է «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ նախագահ, դոկտոր Ելենա Մանվելյանը,- Ծխի ազդեցությունը աճող մտահոգության առարկա է դառնում»:
Պլաստմասսայի և այլ թափոնների այրումը արտանետում է կայուն օրգանական աղտոտիչներ (ԿՕԱ)՝ թունավոր քիմիական նյութեր, որոնք դժվար են քայքայվում և կուտակվում են հողում, ջրում և սննդային շղթայում: ԿՕԱ-ները կապված են քաղցկեղի, ինչպես նաև էնդոկրին և վերարտադրողական խանգարումների առաջացման հետ:
Ըստ 2022-ի մարդահամարի տվյալների՝ Նուբարաշեն վարչական շրջանում ապրում է գրեթե 15,000 մարդ։ Եվս 120,000 մարդ ապրում է հարևան Էրեբունիում, որտեղ գտնվում է Հայաստանի ամենամեծ հիվանդանոցը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնը, որի աղբավայրին մոտ լինելը ավելի է վտանգում իմունային անբավարարություն ունեցող հիվանդների առողջությունը, ասում է դոկտոր Մանվելյանը։
Ըստ Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտի՝ քաղցկեղը երկրում մահվան երկրորդ ամենատարածված պատճառն է։ 2024-ի տվյալները ցույց են տվել, որ մոտավորապես յուրաքանչյուր 47 մարդուց մեկը (մոտ 63,000 մարդ), ապրում է քաղցկեղով, ինչը 47% աճ է վերջին հինգ տարիների ընթացքում։ Այնուամենայնիվ, դոկտոր Մանվելյանը նշում է, որ «անհնար է ապացուցել աղբավայրի ազդեցության և կոնկրետ մարդու առողջության միջև ուղիղ կապը՝ պաշտոնական մշտադիտարկման և հետազոտությունների բացակայության պատճառով։
Անին և Նուբարաշենի այլ բնակիչները, որոնք խնդրել են անանուն մնալ, ասում են, որ իրենք երբեք որևէ նախազգուշացում կամ ուղեցույց չեն ստացել ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ էլ Հայաստանի կառավարությունից՝ աղբավայրի թույներից պաշտպանվելու վերաբերյալ, նույնիսկ հրդեհների ժամանակ: Ժամանակի ընթացքում, ասում են նրանք, պարզապես սովորել են դրան:
Ամեն օր, աշխատանքի գնալիս Անին անցնում է Նուբարաշենի աղբավայրի կողքով։ «Նույնիսկ երբ այն չի այրվում, դրանից հոտ է գալիս», - ասում է նա։
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի՝ աղբավայրը փակելու և նոր մշակման կայան կառուցելու ծրագրերին, նա մեծ հույսեր չունի. «Կարծում եմ՝ գուցե սկսեն կառուցել այն, բայց կիսատ կթողնեն»։
OC Media-ն այս հոդվածում բարձրացված հարցերի վերաբերյալ կապ է հաստատել Հայաստանի շրջակա միջավայրի, Առողջապահության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի հետ, սակայն այս գերատեսչություններից ոչ մեկը չի արձագանքել։
Civilnet











