Փետրվարի 12-ին ԿԲ խորհուրդը որոշում է ընդունել (ուժի մեջ է մտնում փետրվարի 13-ին) անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8%-ի մակարդակում։ Անփոփոխ տոկոսադրույքի քաղաքականություն գլխավոր դրամատունը վարում է 2011թ. սեպտեմբերից։
Ըստ ԿԲ հաղորդագրության՝ 2013թ. հունվարին արձանագրվել է 2,9% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 2,6%՝ գտնվելով նպատակային 4±1,5% թիրախի թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ։ ԿԲ գնահատումների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 12-ամսյա գնաճը կավելանա՝ կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ։
Ըստ ԿԲ-ի՝ արտաքին հատվածում զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ պահպանվող անորոշությունների պարագայում կանխատեսվող հորիզոնում ակնկալվում է համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնում: Նման պայմաններում ձևավորվող ցածր արտաքին պահանջարկի ազդեցությամբ հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային գները կդրսևորեն համեմատաբար կայուն վարքագիծ՝ պահպանվելով առկա բարձր մակարդակներում։
«2012թ. տնտեսական ներուժի և գյուղատնտեսության թողարկման ծավալների ավելացման պարագայում ցածր գնաճային միջավայրում դրսևորվել է իրական սպառման հավելուրդային աճ, որը կանխատեսվող հորիզոնում աստիճանաբար կկայունանա հավասարակշիռ մակարդակի շուրջ: Այս պայմաններում ակնկալվում է տնտեսական աճի որոշ չափով դանդաղում և ձևավորում երկարաժամկետ կայուն մակարդակի շուրջ: Մասնավոր պահանջարկի սպասվող թուլացման և գնահատվող հարկաբյուջետային թույլ զսպող քաղաքականության ազդեցության արդյունքում ՀՀ տնտեսությունից ներքին գների վրա ակնկալվում է ոչ գնաճային ազդեցություն»,– նշված է հաղորդագրությունում։
Միևնույն ժամանակ, ԿԲ-ն կարճաժամկետ հատվածում գնանկումային ռիսկեր է սպասում՝ կապված համաշխարհային տնտեսության հոռետեսական հեռանկարների և գնաճային ռիսկեր՝ կապված գազի սակագների հնարավոր բարձրացման հետ (տե՛ս «Գազը՝ կապուտ» հրապարակումը այս համարում), որոնց ընդհանուր ազդեցության մեջ գերակայում են գնաճային ռիսկերը: Այս ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ խորհուրդը չի բացառում տոկոսադրույքի հետագա ճշգրտման հնարավորությունը:
Ի դեպ՝ Կենտրոնական բանկը 2012թ. երկրորդ եռամսյակից ընդլայնել է գնաճի կանխատեսումների հրապարակման հորիզոնը՝ 1 տարուց դարձնելով 3 տարի, և հրապարակում է ոչ պայմանական գնաճ՝ նախկին պայմանականի փոխարեն։ Կանխատեսման հորիզոնի ընդլայնման արդյունքում այս տարի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայման հարցը կքննարկվի 8 անգամ՝ նախորդ տարիների 12-ի փոխարեն։
ԿԲ-ի կողմից կանխատեսումների հորիզոնի ընդլայնումը և մեկուկես տարի անփոփոխ պահվող տոկոսադրույքի հանգամանքը շեշտում են դրամավարկային քաղաքականությունում ռեպո տոկոսադրույքի ձևական կողմը։ ԿԲ-ն դեռ 5 տարի առաջ արձանագրել էր, որ Հայաստանում որպես գործիք բավական թույլ է գործում վերաֆինանսավորման տոկոսադրույքների փոխանցումն այլ տոկոսադրույքների վարքագծի վրա։ Ավելին՝ ներկայում բարդացել է ռեպո տոկոսադրույքով գնաճի վրա ազդելու արդյունավետությունը։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխության միջոցով կարգավորիչը իրականում պետք է ազդակներ հղի ձեռնարկությունների, սպառողների և ֆինանսական միջնորդների տնտեսական գործունեություն իրականացնելու որոշումների ընդունման կամ ճշգրտման՝ հետևաբար տնտեսական ակտիվության և գների վրա։ Սակայն դրամային այս գործիքով բավական դժվար է ազդեցություն ունենալ դոլարիզացված տնտեսության վրա։
Բանն այն է, որ Հայաստանում շարունակում է ավելանալ տնտեսության դոլարիզացիան. 2012թ. դոլարիզացիայի (ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը) մակարդակը կազմել է 45%, ինչը 2011թ. համեմատ ավելի է 3,2-տոկոսային կետով։ Նախաճգնաժամային 2008թ. դոլարիզացիայի մակարդակը տնտեսությունում 24,4% էր, ճգնաժամային 2009թ., երբ մեկ օրում դրամն արժեզրկվեց 20%-ով, դոլարիզացիայի մակարդակը կազմում էր 45%։
Դոլարիզացիայի նման մակարդակի պայմաններում գնաճը զսպելու միակ արդյունավետ գործիքը փոխարժեքն է, որից ԿԲ-ն շատ հաճախ չի կարող օգտվել, քանի որ որդեգրել է լողացող փոխարժեքի քաղաքականություն։ Փոխարժեքի վարքագծի վրա ուղղակի ազդեցությունը կարժանանա Արժույթի միջազգային հիմնադրամի քննադատությանը։
Civilnet











