Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) փորձագետները կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրերի գործող համակարգը առաջարկում են փոխարինել համապարփակ փաստաթղթով՝ հարկային կոնվենցիայով, որը կկանոնակարգեր շահույթի ամրագրման առավել բարենպաստ պայմանների ընտրության հնարավորություն ունեցող միջազգային ընկերությունների հարկերի վճարումը: Նախաձեռնությունը նպատակ ունի փոխհատուցել կառավարությունների հարկային բազայի կրճատումը, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի մրցակցային արտոնությունների կորուստը։
ՏՀԶԿ փորձագետների կարծիքով՝ միջազգային կորպորացիաների հարկման դրույքաչափերը զիջում են այն երկրների պաշտոնական հարկադրույքները, որտեղ նրանք գործունեություն են իրականացնում: Այսպես՝ վերջին տասնամյակում ՏՀԶԿ անդամ երկրներում շահութահարկը 32,6%-ից նվազել է մինչև 25,4%, սակայն միջազգային կորպորացիաները, որոնք օգտվում են որևէ երկրի հարկային արտոնություններից և եկամուտներն ամրագրում արտոնյալ հարկման օրենսդրական շրջանակում, գործնականում կորցնում են իրենց եկամուտների միայն 5%-ը: Ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում բացառապես տեղական օրենսդրության շրջանակում՝ հիմնականում փոքր և միջին բիզնեսը, չափազանց բարձր՝ մինչև 30%-ի հարկեր են վճարում։
Շահույթի վերաբաշխումը ազդում է նաև ուղղակի ներդրումների հոսքերի վրա: Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկների համաձայն՝ 2010թ. երեք խոշոր օֆշորներում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 5,11%, Գերմանիայում և Ճապոնիայում՝ համապատասխանաբար 4,77% և 3,76%: Ըստ ՏՀԶԿ-ի՝ Չինաստանի տնտեսության մեջ կատարած ներդրումների ծավալով առաջատարը շարունակում է մնալ Հոնկոնգը, որին հաջորդում է բրիտանական Վիրջինյան կղզիները, Ռուսաստանի տնտեսության մեջ ներդրումների առաջատարը ինչպես միշտ Կիպրոսն է։ Նիդեռլանդներում, որը որևէ «սև ցուցակում» ընդգրկված չէ, «հատուկ նշանակության ընկերությունների» (Special Purpose Entity, SPE) միջոցով կատարվում են $2,6 տրլն-ի օտարերկրյա ուղղակի ներդրումներ: Լյուքսեմբուրգում այս ցուցանիշը գերազանցում է $1,9 տրլն-ը։
ՏՀԶԿ-ում ստեղծված իրադրության հիմնական «մեղավոր» համարում են հարկման միջազգային հնացած համակարգը, որը ձևավորվել է դեռ 1920-ականներին։ Կազմակերպության փորձագետների կարծիքով՝ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրերը հնարավորություն են տալիս ամբողջովին խուսափել հարկումից: Կազմակերպությունում առաջարկում են գոյություն ունեցող 3 հազ. փաստաթղթերը փոխարինել միջազգային մեկ միասնական կոնվենցիայով:
Մշակվող փաստաթղթում հիմնական ուշադրությունը հատկացվելու է «տրասնֆերտային գնագոյացմանը»՝ ապրանքների արժեքի փոփոխմանը կորպորացիայի մասնաճյուղերի միջև շրջանառության պայմաններում: Հնարավոր է՝ վերանայվեն նաև ընկերության այս կամ այն երկրում ռեզիդենտության պայմանները: ՏՀԶԿ փորձագետների կարծիքով՝ առավել խոցելի է ինտերնետային ընկերությունների համար նախատեսված օրենսդրությունը։
Մյուս կողմից՝ ՏՀԶԿ-ում կարծում են, որ դրույքաչափերի սահմանումը երկրների մենաշնորհ է, որը հակասում է Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի՝ հարկային համակարգերը և տոկոսադրույքները կորպորացիաների շահութահարկի միասնական չափորոշիչի սահմանման միջոցով կանոնակարգելու մասին ավելի վաղ արված առաջարկին։ Կազմակերպությունում մտադիր են մեկ տարում հաշվարկել հարկային օպտիմալացման վնասները, ինչպես նաև հարկային բազայի կրճատման դեմ պայքարի կոնկրետ գործողությունների ծրագիր մշակել: Համակարգի ներդրման համար, եթե այն Մեծ քսանյակի կողմից քաղաքական հավանություն ստանա, կպահանջվի երկու տարի:

Civilnet










