Գլխավոր Լրահոս

Հայաստանը վերափոխում է ազգային նարատիվները՝ արտաքին սպառնալիքները նվազեցնելու համար․ ԱԽ քարտուղար

Հայաստանը վերափոխում է ազգային նարատիվները՝ արտաքին սպառնալիքները նվազեցնելու համար․ ԱԽ քարտուղար

Հայաստանն իրականացնում է ազգային նարատիվների և խորհրդանիշների վերափոխում՝ արտաքին սպառնալիքները նվազեցնելու և պետական անվտանգության համակարգի վրա ճնշումը թուլացնելու համար. այդ մասին հայտարարեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 15-ին «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետություն» (WGSA) կազմակերպության հրավիրած «Համապարփակ անվտանգության և դիմադրողականության միջազգային համաժողով – 2025»-ի ժամանակ:

Պատասխանելով ՍիվիլՆեթի հարցին, թե ինչպես են ազգային ինքնությանը վերաբերող զգայուն թեմաների՝ այդ թվում Արարատ լեռան պատկերը սահմանային կնիքներից հանելու շուրջ քննարկումներն ազդում ներքին դիմադրողականության վրա, Գրիգորյանը նշեց, որ այդ գործընթացները երկրի համապարփակ անվտանգությունն ապահովելու «անհրաժեշտ ճանապարհ» են։

«Եթե մենք խաղաղության ճանապարհով ենք ընթանում, հարցեր կան, որոնց պետք է անդրադառնանք», - ասաց նա՝ վկայակոչելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն օրինակը, թե ինչպես «բնակարան կառուցելիս պատերին չես կախում նկարներ, որոնք կարող են հարևանի մոտ այլ էմոցիաներ առաջացնել»։

Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ այս բանավեճերի հանրային և թափանցիկ բնույթը ոչ թե թուլացնում, այլ ուժեղացնում է ներքին դիմադրողականությունը, քանի որ «որևէ գաղտնի գործընթաց գոյություն չունի»։ 

Թեպետ Հայաստանի սահմանահատման կնիքից Արարատ լեռան պատկերի հեռացման մասին սեպտեմբերի 11-ի կառավարության որոշումը գաղտնի չի եղել, սակայն ընդգրկված է եղել չզեկուցվող հարցերի փաթեթում, որը պոստֆակտում բարձրաձայնել են մամուլն ու ընդդիմադիրները:   

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ հանրությունն ունի իր կարծիքն արտահայտելու բազմաթիվ միջոցներ, որոնցից մեկն էլ առաջիկա ընտրություններն են լինելու։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե արդյոք Հայաստանի ազգային նարատիվը ձևավորման փուլում է, Գրիգորյանը պատասխանեց. «Ե՛վ ձևավորման, և՛ վերափոխման»։

«Եկե՛ք անկեղծ լինենք, մենք էլ որպես հասարակություն ունեցել ենք այն նույն նարատիվները, որոնք գոյություն են ունեցել հայ հասարակությունում։ Մեր անվտանգության սպառնալիքները մեզ ստիպել են վերագնահատել դրանք», - ասաց նա։

Անվտանգության խորհրդի քարտուղարը շեշտեց՝ այս փոփոխությունների հիմնական նպատակն է «քայլ առ քայլ հանել» այն ամենը, ինչը կարող է որպես սպառնալիք ընկալվել՝ դրանով իսկ թեթևացնելով անվտանգության համակարգի բեռը, քանի որ «համակարգի վրա անվերջ ճնշումը կարող է անդառնալի բացասական հետևանքներ ունենալ»։

Արշալույս Մղդեսյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում