Շինարարության 20 տոկոս աճ․պետական ծախսերը կտրուկ ավելացել են

2025-ի հունվար-հուլիսին Հայաստանում շինարարության ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ավելի քան 20 տոկոսով՝ հասնելով 293 մլրդ դրամի։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Ըստ ֆինանսավորման աղբյուրների՝ ոլորտի հիմնական շարժիչ ուժը շարունակում են մնալ մասնավոր կազմակերպությունները, որոնց բաժին է ընկնում ընդհանուր ծավալի 46,4 տոկոսը կամ 136 մլրդ դրամը։ Այս ուղղությամբ գրանցվել է ավելի քան 18 տոկոս աճ։
Երկրորդ խոշոր ներդրողը բնակչությունն է։ Բնակչության միջոցներով իրականացված շինարարությունը կազմել է 73 մլրդ դրամ (ընդհանուրի 25 տոկոսը)՝ գրանցելով 16,4 տոկոս աճ։
Ամենամեծ աճը, սակայն, գրանցվել է պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող շինարարությունում։ Թեև այն 71 մլրդ դրամ ցուցանիշով երրորդ տեղում է, սակայն, նախորդ տարվա համեմատ, աճել է շուրջ 31 տոկոսով։ Այս ցուցանիշը ներառում է նաև միջազգային վարկերով իրականացվող շինարարությունը։
Համայնքային միջոցներով կատարված ներդրումները նույնպես կտրուկ ավելացել են (23,3 տոկոսով)՝ կազմելով 11,7 մլրդ դրամ (ընդհանուրի 4 տոկոսը)։
Բոլորովին հակառակ միտում է նկատվում Հայ առաքելական եկեղեցու և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գծով։ Նրանց իրականացրած շինարարական աշխատանքները շեշտակի նվազել են՝ համապատասխանաբար 29,2 տոկոսով և 67,8 տոկոսով։ Անցած յոթ ամսում եկեղեցին շինարարությանն ուղղել է շուրջ 188 մլն դրամ, իսկ հիմնադրամը՝ 113 մլն դրամ։
Թեմա
Civilnet










