Գլխավոր Լրահոս

ԿԲ-ն դադար է վերցրել․ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին անփոփոխ է

ԿԲ-ն դադար է վերցրել․ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին անփոփոխ է

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 16-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պահպանելով այն 6,75% մակարդակում։ Սա անընդմեջ երրորդ դեպքն է, երբ դրամավարկային քաղաքականությունը մնում է անփոփոխ՝ տևական ժամանակ շարունակվող մեղմացման փուլից հետո։

Այս որոշումը, ինչպես ասված է ԿԲ խորհրդի հայտարարության մեջ, պայմանավորված է գնաճային միջավայրի փոփոխությամբ։ Եթե 2023 թվականի հունիսից ի վեր ԿԲ-ն հետևողականորեն իջեցնում էր տոկոսադրույքը՝ տնտեսական բարձր ակտիվության և գրեթե զրոյական գնաճի պայմաններում, ապա այժմ իրավիճակը փոխվել է։ Ըստ ԿԲ-ի, այս տարվա երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը փոքր-ինչ արագացել է՝ օգոստոսին կազմելով 3,6%։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ մեկտեղ անփոփոխ են մնացել նաև մյուս տոկոսադրույքները։ Լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը (որով ԿԲ-ն կարճաժամկետ վարկեր է տրամադրում բանկերին) շարունակում է կազմել 8,25%, իսկ միջոցների ներգրավման տոկոսադրույքը (որով ԿԲ-ն գումար է ներգրավում բանկերից) սահմանվել է 5,25%։

Երկու հակադիր ռիսկ․ ինչո՞ւ ԿԲ-ն նախընտրեց սպասել

Կենտրոնական բանկի պարզաբանման համաձայն՝ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով երկու հակադիր ռիսկային սցենար։ Մի կողմից, Խորհուրդը գնահատել է գնաճային ճնշումների մեծացման հավանականությունը, որը կարող է պայմանավորված լինել կառավարության հարկաբյուջետային քաղաքականությամբ և տնտեսությունում պահանջարկի բարձր մակարդակով։ Այս դեպքում ԿԲ-ից կպահանջվեր ապագայում ավելի խիստ քաղաքականություն վարել՝ բարձրացնելով տոկոսադրույքը։ 

Մյուս կողմից, քննարկվել են տնտեսական աճը զսպող ռիսկերը՝ կապված համաշխարհային տնտեսության դանդաղման և Հայաստանում անշարժ գույքի շուկայի հնարավոր «սառեցման» հետ, ինչը, հակառակը, կպահանջեր շարունակել տոկոսադրույքների իջեցումը։

Այս երկու սցենարների պայմաններում, հաշվի առնելով առկա անորոշությունները և գերակա համարելով գնաճի արագացման ռիսկերի կառավարումը, ԿԲ խորհուրդը որոշել է այս փուլում ձեռնպահ մնալ փոփոխություններից։ 

Միևնույն ժամանակ մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում, ըստ ԿԲ հաղորդագրության, ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները, ընդհանուր առմամբ, ակնկալում են, որ գլխավոր դրամատուն միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6,25%:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում