Իսրայելը ցեղասպանություն է իրականացրել Գազայի հատվածի պաղեստինցիների նկատմամբ, երեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննող հանձնաժողովը՝ կոչ անելով Իսրայելին և այլ պետություններին կատարել իրենց պարտավորությունները միջազգային իրավունքի ներքո՝ դադարեցնել հանցագործությունները և պատժել մեղավորներին։
ՄԱԿ-ի «Պաղեստինյան օկուպացված տարածքներում, ներառյալ Արևելյան Երուսաղեմում, և Իսրայելում» գործող անկախ միջազգային հետաքննող հանձնաժողովը» (UN Independent International Commission of Inquiry on the Occupied Palestinian Territory, including East Jerusalem, and Israel) երկու տարվա ուսումնասիրությունից հետո եզրակացրել է, որ Իսրայելի իշխանություններն ու անվտանգության ուժերը կատարել են Ցեղասպանության մասին 1948-ի կոնվենցիայով սահմանված հինգ գործողություններից չորսը՝ սպանություններ, լուրջ վնաս հասցնել, կենսապայմաններ ստեղծել, որոնք ուղղված են խմբի ոչնչացմանը, և ծնունդներ կանխելու միջոցների կիրառում։
«Հանձնաժողովը գտնում է, որ Իսրայելը պատասխանատու է Գազայում ցեղասպանության համար,– ասել է հանձնաժողովի նախագահ Նավի Փիլայը։- Ակնհայտ է, որ Գազայի պաղեստինցիներին ոչնչացնելու նպատակ կա՝ գործողություններով, որոնք համապատասխանում են Ցեղասպանության կոնվենցիայի չափանիշներին»։
Զեկույցում նշվում է, որ Իսրայելի քաղաքական և ռազմական ղեկավարների գործողությունները վերագրելի են պետությանը, իսկ նախագահ Իսահակ Հերցոգը, վարչապետ Բենյամին Նեթանյահուն և պաշտպանության (նախկին) նախարար Յոավ Գալանտը ցեղասպանության կոչեր են արել։
Հանձնաժողովը նաև արձանագրել է, որ Իսրայելը անտեսել է Միջազգային դատարանի որոշումները ժամանակավոր միջոցների վերաբերյալ, շարունակել է պաշարումը, որն անօթևան է թողել բնակչությանը, ոչնչացրել է առողջապահական և կրթական համակարգերը, թիրախավորել է երեխաներին ու մշակութային օբյեկտները, ինչպես նաև իրականացրել սեռական և գենդերային բռնություն։
Զեկույցը խորհուրդ է տալիս ՄԱԿ-ի անդամ պետություններին դադարեցնել զենքի մատակարարումները Իսրայելին, ապահովել, որ ընկերություններն ու անհատները չնպաստեն ցեղասպանական գործողություններին, և հետամուտ լինելը իրավական ճանապարհով պատասխանատվությանը։
«Միջազգային հանրությունը չի կարող լռել Իսրայելի կողմից պաղեստինցի ժողովրդի դեմ Գազայում իրականացվող ցեղասպանական արշավի նկատմամբ։ Անգործության ամեն օրն արժենում է կյանքեր և խարխլում է միջազգային հանրության վարկանիշը»,- ասել է Փիլայը։
Civilnet











