2 մլրդ դրամ կհատկացվի հանրային տրանսպորտի և վերելակային համակարգի արդիականացման համար

Կառավարությունն ավելի քան 2 մլրդ դրամ կհատկացնի Երևանի հանրային տրանսպորտի և վերելակային համակարգի արդիականացման համար:
Ծրագրով նախատեսվում է ձեռք բերել 45 նոր «Յութոնգ» մակնիշի տրոլեյբուս՝ 4,3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որոնցից 30 տոկոսի չափով կանխավճար կտրամադրվի 2025-ի պետական բյուջեից։ Տրոլեյբուսներն ունեն առնվազն 60 կիլոմետր ինքնավար ընթացք առանց կոնտակտային ցանցի։
Միաժամանակ նախատեսվում է փոխարինել բազմաբնակարանային շենքերի 104 հին վերելակ: Դրանց ձեռքբերման պայմանագիրը կնքվել է հուլիսի 21-ին։
Կառավարությունն առաջարկում է անհրաժեշտ միջոցները վերաբաշխել «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» ծրագրից՝ հաշվի առնելով, որ «Աջափնյակ» կայարանի շինարարության հաջորդ փուլերի ֆինանսական իրագործումը ժամանակավորապես հետաձգվել է նախագծի վերջնական հաստատման փուլում գտնվելու պատճառով։
Ըստ հիմնավորման՝ նոր տրոլեյբուսների ներգրավումը կնվազեցնի երթևեկության միջակայքերը և կբարելավի ուղևորափոխադրման որակը, իսկ վերելակների փոխարինումը կնպաստի ենթակառուցվածքային անվտանգության բարձրացմանը։
Թեմա
Civilnet










