Անձնագրերից Արարատը հեռացնելու հարցը երբևէ չի քննարկվել Թուրքիայի հետ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ անձնագրերում սահմանահատման դրոշմից Արարատի պատկերի հեռացումը երբևէ չի քննարկվել Հայաստան-Թուրքիա բանակցություններում։ Ըստ Փաշինյանի, այս քայլերն ուղղված են Հայաստանի պետականության, ինքնիշխանության և անվտանգության ուժեղացմանը՝ լեգիտիմության ռազմավարության շրջանակում։
Կառավարության որոշմամբ նոյեմբերի 1-ից ՀՀ պետական սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինի Արարատ լեռան պատկերը։
Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վարչապետը վստահեցրել է, որ թեման շրջանառության մեջ է դրվել «ամիսներ առաջ, շատ երկար ամիսներ առաջ, երբ դեռ հորիզոնում ընդհանրապես տեսական հնարավորություն կամ պայմանավորվածություն էլ չկար Թուրքիայի հատուկ ներկայացուցչի այցի մասին»։
Սեպտեմբերի 12-ին Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Մարգարա անցակետով ժամանեց Հայաստան։
«Ընդհանրապես Հայաստան-Թուրքիա որևէ բանակցության մեջ որևէ նման հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել», - ընդգծել է Փաշինյանը՝ հերքելով այն տեսակետները, թե որոշումը կայացվում է Թուրքիայի պահանջի կամ սպառնալիքի ներքո։
Նրա խոսքով՝ կառավարության անվտանգության ռազմավարության առանցքում լեգիտիմության գործոնն է, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով։
«Սա անում ենք, որովհետև ուզում ենք և ռազմավարություն ունենք մեր պետության հարատևությունը ապահովելու համար», - նշել է նա։
Վարչապետը նաև անդրադարձել է 2004-ին դրոշմի հայտնվելու քաղաքական ենթատեքստին՝ հարցադրում անելով, թե ինչ խնդիր էին լուծում այն ժամանակվա պաշտոնյաները։ Նա ենթադրել է, որ դա կարող էր կապված լինել ներքաղաքական լեգիտիմության խնդրի հետ։
«Երբ որ դու կոնկրետ պետության, երկրի սահմանադրությամբ սահմանված իշխանության կողմից ընտրված չես, պետք է լեգիտիմության նոր աղբյուրներ գտնել, մի տեղ սարի նկար կպցնել, մի տեղ ուրիշ նկար կպցնել, մի տեղ ընկալումները և պատասխանատվությունը տարածել Հայաստանից դուրս, որպեսզի այդ փաստը, որ Հայաստանում լեգիտիմ իշխանություն չկա, հնարավորինս լղոզեն», - ասել է վարչապետը և հավելել, որ առաջիկայում մանրամասն կխոսի «հայրենասիրության այն մոդելի մասին», որի շրջանակում կայացվել են այդ որոշումները։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության քայլերն ուղղված են Հայաստանը միջազգային հանրության առավելագույնս պատասխանատու անդամ դարձնելուն։ Նա այս գործընթացը համեմատել է լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնելու հետ, որը մարդիկ անում են ոչ թե ուրիշներից վախենալու, այլ իրենց բնականոն կյանքն ապահովելու համար։
«Մենք սա անում ենք Հայաստանի Հանրապետության բնականոն կյանքը ապահովելու համար՝ որպես պետություն», - ընդգծել է նա։
Ամփոփելով խոսքը՝ վարչապետը հայտարարել է, որ եթե ապագայում անձնագրի դրոշմի վրա որևէ պատկեր լինելու անհրաժեշտություն առաջանա, ապա «այն միանշանակ պետք է կապված լինի Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի հետ», սակայն այս պահին ինքը նման անհրաժեշտություն չի տեսնում։
Civilnet










