Կառավարությունը շահագրգռված է, որ ֆրանսիական Carrefour առևտրային ցանցը ներկայացված լինի Հայաստանում։ Այս մասին այսօր կայացած ասուլիսին ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։
Դավթյանի խոսքով՝ այս ընկերությունը համակարգաստեղծ է, նրա մուտքով Հայաստանում նոր մշակույթ կներդրվի, այն կբարձրացնի մրցակցությունը, սպառողների համար հասանելի կլինեն ավելի մատչելի ապրանքներ։ «Մենք փորձում ենք գտնել ձևաչափեր, հնարավորություններ, որ Carrefour-ը և, ընդհանրապես, ցանկացած օտարերկրյա ընկերություն, Հայաստանում հնարավորինս լայն և արագ ներկայացված լինի»,- ասաց Դավթյանը։
Նախարարը վստահեցրեց, որ Carrefour-ի մուտքի դանդաղումը պայմանավորված է երկու ընկերությունների միջև կնքած հուշագրի շրջանակում ընդհանուր հայտարարի չգալով։ «Սա սովորական երևույթ է ողջ աշխարհում»,- ասաց Դավթյանը՝ հավելելով, թե պետությունը աշխատում է շատ չմիջամտել տնտեսավարողների գործերին, չնայած հաշվի առնելով այն, որ խոսքը խոշոր ընկերության մասին է, կառավարությունն իր իրավասությունների շրջանակում փորձում է օժանդակություն ցուցաբերել, որ Carrefour-ը ներկայացված լինի Հայաստանում։
Ըստ ՍիվիլՆեթի աղբյուրների՝ Երևանում Dalma Garden Mall-ից բացի, Carrefour-ը նախատեսում է հիպերմարկետներ բացել Արշակունյաց պողոտայում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ, և Ավանում՝ Երևան-Սևան ճանապարհին: Ըստ նույն աղբյուրի՝ ներկայում Carrefour-ը Dalma Garden Mall-ի սեփականատերերի հետ բանակցում է հիպերմարկետի բացման իրավական և վարձակալական խնդիրների շուրջ:
Carrefour-ը սակայն Հայաստանում բախվել է լուրջ դիմադրության՝ ի դեմս պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի («Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր) և Արտակ Սարգսյանի (ՍԱՍ սուպերմարկետների սեփականատեր)։ Carrefour-ը, որը հայկական շուկա մուտք գործելու համար կատարել է արդեն $17 մլն-ի ծախսեր, մուտքի խոչընդոտների հետ կապված հարցերը քննարկել է իշխանությունների հետ։
Civilnet











