Տալիբանն արգելել է կանանց հեղինակած գրքերն Աֆղանստանի համալսարաններում

Աֆղանստանում Տալիբանի կառավարությունը համալսարաններում արգելել է կանանց հեղինակած գրքերի դասավանդումը, ինչպես նաև մարդու իրավունքների և սեռական ոտնձգությունների թեմաների ուսուցումը։ Ըստ պաշտոնական հայտարարության՝ այս որոշումը պայմանավորված է «շարիաթի և իշխանությունների քաղաքականությանը հակասող բովանդակությամբ»։
Արգելված գրքերի ցանկում ներառվել է շուրջ 680 գիրք, որոնցից 140-ը հեղինակել են կանայք։ Դրանց թվում է «Անվտանգություն քիմիական լաբորատորիայում» վերնագրով գիրքը։
Սա Տալիբանի սահմանած հերթական սահմանափակումն է՝ իշխանության վերադառնալուց չորս տարի անց։ Վերջին օրերին նրանք արգելել են օպտիկամանրաթելային ինտերնետը առնվազն 10 նահանգներում՝ «անբարոյական վարքագիծը» կանխելու նպատակով։
Տալիբանի իշխանության տարիներին կանայք և աղջիկները զրկվել են շատ իրավունքներից։ Նրանք իրավունք չունեն ուսանելու վեցերորդ դասարանից բարձր, իսկ 2024-ին փակվել են նաև մանկաբարձության ուսուցման ծրագրերը։
Տալիբանները հայտարարում են, որ հարգում են կանանց իրավունքները՝ ըստ իրենց մեկնաբանության՝ իսլամական օրենքի և ավանդական մշակույթի շրջանակում։
Սեպտեմբերի 5-ին Աֆղանստանի Կունար նահանգի Անդարլուկակ գյուղում երկրաշարժից հետո տղամարդ փրկարարները հրաժարվել են օգնություն ցուցաբերել կանանց։
Վկաները պատմել են, որ կանայք մնացել են փլատակների տակ, մինչև կին փրկարարներ են ժամանել։ Մահացած կանանց դիերը դուրս են բերվել զգեստներից քաշելով՝ մաշկին չդիպչելու համար։
Civilnet










