Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-21-ը մասնակցելու է Բաքվում կայանալիք Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից:
Մինչ այս Հայաստանի ԱԱԾ ոչ մի տնօրեն Բաքու չի մեկնել։
***
2021-ի հունվարին լուրեր էին շրջանառվել, թե ԱԱԾ այդ ժամանակվա տնօրեն Արմեն Աբազյանը պետք է մեկներ Բաքու, սակայն չմեկնեց։ Փոխարենը նույն ամսում Աբազյանն Ադրբեջանի ԱԱԾ տնօրենի հետ հանդիպեց Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում։ հանդիպմանը քննարկվել էր գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։
Ադրբեջանական գերության մեջ է 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։
23 գերիների թվում են նաև Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44-օրյա պատերազմից հետո ևս 32 գերիների առկայության մասին, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է:
44-օրյա պատերազմի հետևանքով պաշտոնապես կա 175 անհայտ կորած զինվորական և 20 քաղաքացիական անձ։
Civilnet











