Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն Հայաստանին 200 մլն եվրո աջակցություն կհատկացնի․ Մարթա Կոս

ԵՄ-ն Հայաստանին 200 մլն եվրո աջակցություն կհատկացնի․ Մարթա Կոս

Եվրոպական միությունը Հայաստանին կհատկացնի ավելի քան 200 մլն եվրո նոր ֆինանսական աջակցություն՝ «Դիմակայունության և աճի ծրագրի» երկրորդ փուլի շրջանակում։ Այդ մասին սեպտեմբերի 19-ին Երևանում հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։

«Այսօր շատ մեծ պատիվ է ինձ համար հայտարարել, որ մենք Հայաստանի համար «Դիմակայունության և աճի ծրագրի» երկրորդ փուլի շրջանակում ֆինանսավորում ենք հատկացնում, ավելի քան 200 մլն եվրոյի մասին է խոսքը, որը կաջակցի ենթակառուցվածքների, դիմակայունության և բիզնեսի զարգացման ոլորտում ներդրումներին։ Սա վկայում է Հայաստանի հստակ բարեփոխումների օրակարգին հավատարիմ լինելու մասին», – ասաց Կոսը։

Նրա խոսքով, տարածաշրջանն ապրում է պատմական պահ, և առաջին անգամ՝ հնարավոր է խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում։ 

«Մենք այստեղ ենք և պատրաստ ենք շարունակելու խաղաղության գործընկերությունը։ Շատ կարևոր է պահը բաց չթողնել և ներդրումներ իրականացնել ինչպես ենթակառուցվածքների և թվայնացման, այնպես էլ խաղաղության գործընթացում», – ընդգծեց նա։

ԵՄ պաշտոնյան նշեց, որ 2021-ից ի վեր ԵՄ-ն արդեն մոբիլիզացրել է ավելի քան 2,5 մլրդ եվրոյի ներդրումներ Հայաստանում, և հավելեց,- «մենք կարող ենք անել ավելին»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին ընդգծեց, որ ԵՄ աջակցությունը կարևոր դեր է խաղում Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայության, ինստիտուցիոնալ բարեփոխումների և տարածաշրջանային կայունության ամրապնդման հարցում։

«Վերջին տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր որակ և խորություն են ձեռք բերել։ Գոհունակությամբ արձանագրում ենք, որ մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը համալրվել է նոր, կարևոր բաղադրիչներով, այդ թվում՝ քաղաքական և անվտանգության երկխոսության մեկնարկով», – ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով, Հայաստանը հավատարիմ է բարեփոխումների իր օրակարգին և շարունակելու է համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացումը։ Գրիգորյանը կարևորեց նաև ԵՄ-ի աջակցությունը տարածաշրջանային ենթակառուցվածքների նախաձեռնություններին՝ ընդգծելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և TRIPP նախագծի հնարավորությունները։

«Վաշինգտոնում և Բրյուսելում կայացած բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները մեզ նոր հնարավորություններ են տալիս ենթակառուցվածքների ապաշրջափակման, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP նախագծի առաջ մղման համար։ Այս նախաձեռնությունները միմյանց փոխլրացնող են և ներդաշնակ են ԵՄ գլոբալ ռազմավարության հետ», – ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում