«Թրամփի ուղու» շուրջ հետագա աշխատանքներն ու քննարկումները շարունակվում են Հայաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև, իսկ Ադրբեջանի հետ աշխատանքային ձևաչափ առայժմ չկա։ Լրագրողների այս մասին հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Լրագրողի հարցին, թե ինչ ձևաչափով են շարունակվելու աշխատանքները տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մանրամասների շուրջ, մասնավորապես Ադրբեջանի հետ, ԱԳ նախարարը նախ պատասխանել է. «Հայաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև շփումների, քննարկումների, բանակցությունների միջոցով»։
Ճշտող հարցին, թե ինչ ձևաչափով է աշխատանքը տարվում ադրբեջանական կողմի հետ, Միրզոյանը պարզաբանել է. «Առայժմ որևէ այդպիսի բան չկա, ադրբեջանական կողմի հետ ունենք ընդհանուր պատկերացումները և դրանք արտահայտված են ստորագրված վաշինգտոնյան հռչակագրում»։
Նա վերահաստատել է փաստաթղթում ամրագրված սկզբունքները, որոնց համաձայն՝ «ապաշրջափակումը տեղի է ունենալու երկու երկրների տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության և համապատասխանաբար իրավազորության ներքո անխոչընդոտ, փոխադարձ առավելություններով»։
Արարատ Միրզոյանը կոչ է արել հիմնվել բացառապես ստորագրված և հրապարակված փաստաթղթի վրա՝ երկրորդական համարելով ընդդիմադիրների բանավոր մեկնաբանությունները։
«Մենք պայմանավորվել ենք նրա շուրջ, ինչ-որ գրված և հրապարակված է, մնացած բանավոր մեկնաբանությունները էական չեն։ Ժողովուրդ ջան, նայեք նրան, ինչ-որ գրված և հրապարակված է, դրա տակ կա Հայաստանի վարչապետի ստորագրությունը, դրա տակ կա Ադրբեջանի նախագահի ստորագրությունը, մի հատ էլ կա Միացյալ Նահանգների նախագահի ստորագրությունը», - ընդգծել է նախարարը։
Նա հավելել է, որ հայկական կողմի դիրքորոշումը մնում է անփոփոխ. «Մենք, ինչպես և հենց նախաստորագրելու պահին, ինչպես և դրանից առաջ, երբ տեքստը համաձայնեցված էր մարտի կեսերին, հայտարարեցինք, որ պատրաստ ենք րոպե առաջ սկսել ստորագրման տեղի և վայրի վերաբերյալ խորհրդակցությունը, նույնպես հենց այսօր էլ պատրաստ ենք րոպե առաջ սկսել դա»։
Civilnet











