Վարչապետը ներկայացրել է ՀԷՑ-ի ազգայնացման երկու սցենար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) ազգայնացման գործընթացն արդեն սկսվել է, և կառավարությունը պատրաստվում է այն իրականացնել մինչև վերջ՝ ընտրելով երկու սցենարներից մեկը։
«Գնալու ենք մինչև վերջ երկու հնարավոր սցենարներից մեկով», – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Փաշինյանը:
Փաշինյանի ներկայացրած առաջին սցենարը նախատեսում է ՀԷՑ-ի ամբողջական ազգայնացում և դրա հանձնումը պրոֆեսիոնալ և հուսալի կառավարման՝ ամբողջությամբ մնալով պետական սեփականություն։
Երկրորդ սցենարի համաձայն՝ ընկերության բաժնետերերի մեծ մասը կարող է փոխանցվել էներգետիկ ոլորտի միջազգային հեղինակավոր կառավարչի։ Վարչապետի խոսքով, այս տարբերակով կառավարությունը կգնա միայն այն պարագայում, եթե պարզվի, որ առաջին սցենարի իրականացումը պետական բյուջեի համար անհամաչափ մեծ ծախսեր է պահանջում։
«Բոլոր դեպքերում Հայաստանի Հանրապետությունը կպահպանի այնքան բաժնեմաս, որը հնարավորություն կտա պահպանել կենսական այս ենթակառուցվածքում կառավարության ռազմավարական ներկայությունը», – ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ ՀԷՑ-ի ստուգումների արդյունքում արդեն իսկ բացահայտված խարդախությունները բավարար են՝ արձանագրելու, որ ընկերության նախորդ կառավարման վերաբերյալ կառավարական մտահոգությունները եղել են հիմնավոր։
Նա նաև նշեց, որ էլեկտրաէներգիայի անորակ մատակարարումը երկար ժամանակ օգտագործվել է որոշ քաղաքական ուժերի կողմից՝ որպես հասարակական դժգոհություն գրգռելու միջոց։
«Հայաստանում էլեկտրական էներգիայի անորակ մատակարարումը ձեզ հայտնի ուժերի համար եղել է ժողովրդի շրջանում քաղաքական դժգոհություն գրգռելու, ժողովրդին կառավարության դեմ հանելու գործիք։ Թույլ չենք տա Հայաստանի Հանրապետության հետ նման խաղեր խաղալ, պարզապես թույլ չենք տա։ Թող բոլորը իրենց ականջներին օղ անեն ու համապատասխան հետևություններ», – հայտարարեց վարչապետը։
Civilnet










