Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան հերքում է լրագրողին բռնության ենթարկելու մեղադրանքները

Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է, թե որևէ առնչություն ունի լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ բռնություն գործադրելու կամ այդ բռնությունը պատվիրելու մասին պնդումների հետ։
«Վերջին ժամանակներում Հակոբ Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցներին տված տարբեր հարցազրույցներում ինձ մեղադրում է իր հանդեպ տեղի ունեցած ինչ-որ ծեծի կամ ծեծը պատվիրելու մեջ։ Ուզում եմ ձեզ հրապարակային ասեմ, որ ես այդ ամենի հետ որևէ կապ չունեմ», - ասել է Բաբայանը։
Նա հայտնել է, որ հարցաքննվել է Քննչական կոմիտեում՝ վկայի կարգավիճակով։
«Հուսանք շատ շուտով իրավապահ մարմիններն այս բոլոր հարցերի պատասխանները կտան։ Եվ այն լրատվականները, և այն անձինք, ովքեր փորձեցին միակողմանի, ուղղակի լսելով մեկ անձի, իմ հետ կապված մեղադրանքներ ներկայացնել, ժամանակի ընթացքում կտարածեն նաև այդ հերքումները», - նշել է նա։
Անդրադառնալով իր և Կարապետյանի միջև առցանց նամակագրությանը՝ Բաբայանը նշել է, որ ինքը որևէ սադրիչ խոսք չի գրել.
«Քաղաքացուն ես մենակ պատասխանել եմ այն կոնտեքստով, ինչով որ նա ինձ վիրավորել է, որից անմիջապես հետո ստացել եմ սեռական բնույթի հայհոյանքներ»։
Նրա պնդմամբ՝ այդ նամակագրությունից հետո փորձել է կապ հաստատել Կարապետյանի հետ, հասկանալու իրավիճակը, սակայն վերջինս իր ձայնը լսելուց հետո՝ անջատել է հեռախոսը։
«Ես Հակոբ Կարապետյանին երբևիցե չեմ տեսել։ Ես Հակոբ Կարապետյանին չեմ ճանաչում», - նշել է Բաբայանը՝ հավելելով, որ բռնությունը դատապարտում է։
Նա ընդգծել է, որ նախկին քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Կարապետյանը, իր ձևակերպմամբ, «պիտի չանցներ այս սահմանները»։
Բաբայանը նաև հայտնել է, որ Կարապետյանի կողմից ստացած հաղորդագրություններում վիրավորանքներ են եղել՝ ուղղված նաև իր ընտանիքի անդամներին, ընկերներին և թիմի անդամներին։
Նրա պնդմամբ՝ ինքը հայտնվել է «քաղաքական ինչ-որ պատվերի» թիրախում. «Հասկանալով, որ գործ ունենք, համենայն դեպս, իմ սուբյեկտիվ կարծիքով, քաղաքական ինչ-որ պատվերի հետ՝ ես փորձում եմ զերծ մնալ այդ ամեն ինչից»։
Ինչ վերաբերում է Կարապետյանի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությանը, Բաբայանն ասել է, որ հարցը քննարկման փուլում է։
«Հարցն այս պահին քննարկման փուլում է, մեր դիրքորոշումը կհայտնենք մեկ-երկու օրից», - նշել էնա։
***
Լրագրող Հակոբ Կարապետյանը սեպտեմբերի 15-ին հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ ենթարկվել է ֆիզիկական հարձակման։ Նա այն կապում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիք Բաբայանի հետ։ Ըստ լրագրողի՝ միջադեպը հետևանք է քաղաքապետարանի աշխատանքի վերաբերյալ իր քննադատական գրառման։
Ըստ Հակոբ Կարապետյանի՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ինքը ֆեյսբուքյան գրառում էր արել քաղաքապետարանի տեսուչների կողմից մի կնոջ սխալ տուգանելու դեպքի վերաբերյալ՝ քննադատելով կառույցի աշխատանքը։ Գրառումից հետո, նրա խոսքով, իրեն գրել է Ավետիք Բաբայան անունով օգտատերը և «կեղտոտ ու անհարգալից բառապաշարով» սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցրել իր, ընտանիքի անդամների, գործընկերների ու Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հասցեին։
Լրագրողը նշում է, որ պարզելով, որ իրեն սպառնացողը քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյա է, այդ մասին տեղեկացրել է քաղաքապետարանի երկու այլ պաշտոնյաների, սակայն որևէ արձագանք չի եղել։ Երկու օր անց Կարապետյանը կապվել է Բաբայանի հետ, որը, ըստ լրագրողի, կրկին սպառնացել է՝ ասելով. «տեղդ ասա, գամ ոտերդ ջարդեմ»։
Երկու շաբաթ անց, ինչպես նկարագրում է Կարապետյանը, աշխատավայրի մոտ դիմակավորված անձը հարձակվել և հարվածներ է հասցրել իրեն։ Լրագրողը համոզված է, որ հարձակումն ուղիղ կապ ունի նախորդող սպառնալիքների հետ։ Նա դիմել է իրավապահ մարմիններին՝ տրամադրելով իր մոտ եղած ապացույցները՝ ներառյալ սպառնալիքների փաստագրումները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել։
Civilnet










