Թուրքիայում հուսով են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները շուտով կհանգեցնեն տարածաշրջանային կայունության և սահմանների բացման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ֆաթմա Աքսալը՝ Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակում։
«Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը հարևաններ են, և այսօր բացվում է նոր էջ՝ հարաբերությունների կարգավորման և հետագա զարգացման համար։ Մենք քաջալերում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացը։ Բոլորս կշահենք այդ խաղաղությունից, քանի որ այն կարևոր է ոչ միայն առանձին պետությունների, այլ նաև ամբողջ Հարավային Կովկասի համար։ Խաղաղությունը տարածվում է՝ սկսվելով մեկ տարածաշրջանից և հասնելով աշխարհի մյուս կետեր»,- նշել է Աքսալը։
Անդրադառնալով լրագրողի հարցին՝ արդյոք Թսաուրքիայի և Ադրբեջանի բարձրացրած Զանգեզուրի միջանցքի հարցը տարածքային պահանջ չէ՞ Հայաստանի նկատմամբ, Աքսալը նշել է․
«Սա տարածքային պահանջ չէ։ Թույլ տվեք ասել հետևյալը՝ ես իսկապես հավատում եմ, որ խաղաղությունից ոչ ոք չի պարտվում, իսկ պատերազմում հաղթող չկա։ Պատերազմը չի կարող երկարաժամկետ հաղթանակ ապահովել։ Այժմ բանակցությունները շարունակվում են՝ թե՛ կառավարությունների, թե՛ նախարարների և նաև նախագահական մակարդակով։ Մենք պետք է մի փոքր համբերատար լինենք և սպասենք արդյունքներին։ Ես լավատես եմ։ Շուտով, հուսով եմ, սահմանը կբացվի, ճանապարհը կկառուցվի, և տարածաշրջանում կպարապետ խաղաղություն և բարգավաճում»։
Նա հիշեցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա և նշեց, որ առաջիկա ամիսներին կարող է ստեղծվել սահմանը բացելու իրական հնարավորություն․
«Կան թռիչքներ, բայց Turkish Airlines-ը դեռ չի թռչում։ Հույս ունենք, որ շուտով դուռը կբացվի, կունենանք առևտրային և մշակութային կապեր։ Սա կարևոր է ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար»,- ընդգծեց նա։
Սեմինարի շրջանակում Թուրքիայից Երևան ժամանած պատվիրակությունը մասնակցում է քննարկումներին, որոնք նվիրված են տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղության հաստատման հեռանկարներին։
Civilnet











