Գլխավոր Լրահոս

Աշխատելու ենք խաղաղությունն ինստիտուցիոնալացնելու ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Աշխատելու ենք խաղաղությունն ինստիտուցիոնալացնելու ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

«Մենք աշխատելու ենք խաղաղությունն ինստիտուցիոնալացնելու ուղղությամբ, որպեսզի երաշխավորենք դրա հարատևությունը»,- հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 21-ին Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի ժամանակ։

Գրիգորյանի խոսքով՝ սեմինարի անցկացման ժամանակացույցը խորհրդանշական է՝ հաշվի առնելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը, որի արդյունքում Հարավային Կովկասում խաղաղություն է հաստատվել։ 

«Խաղաղություն, որին տարածաշրջանի ժողովուրդները երկար են սպասել», - ասել է նա։

Խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում Գրիգորյանը կարևորել է տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Նա հիշեցրել է Հայաստանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը, ինչպես նշել է, «դրական արձագանքի է արժանացել Հայաստանի գործընկերների կողմից»։

Բացի այդ, Գրիգորյանն ասել է, որ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հայտարարության հիման վրա ստեղծվելու է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագիրը, որը լինելու է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի բաղկացուցիչ մաս։ Նրա համոզմամբ՝ նմանատիպ ծրագրերի իրականացումը «անխուսափելիորեն կնպաստի տարածաշրջանային փոխկախվածության ձևավորմանը», ինչը նպաստելու է խաղաղության պահպանմանը։

«Ձեռք բերված խաղաղությունը հանդիսանում է երկկողմ և բազմակողմ երկխոսությունների նշանակալի օրինակ, որոնց առաջմղմամբ ակտիվորեն զբաղվում է այս հարթակը»,- ասել է նա։

ԱԽ քարտուղարը նշել է, որ Հայաստանի անվտանգությունն ու ժողովրդավարական զարգացումը հնարավոր են բացառապես խաղաղության պայմաններում։ 

«Հայաստանի անվտանգության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների կայացման, ինքնիշխանության և անկախության շարունակական զարգացման լավագույն պայմաններն ապահովում է խաղաղությունը», - հայտարարել է Գրիգորյանը՝ հավելելով, որ այս մոտեցումն ու 2021-ին ժողովրդից ստացած խաղաղության օրակարգի մանդատն են նպաստել այսօրվա միջավայրի ձևավորմանը։

Ըստ նրա՝ Հայաստանը ոչ միայն պատրաստվում է ամրապնդել իր պետականության հիմքերը, այլև խորացնել միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։

Գրիգորյանը կարևորել է նաև ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը՝ նշելով, որ այն ընդգրկում է օրենքի գերակայության, բազմաոլորտ բարեփոխումների, հակահաբեկչության և կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև պաշտպանական բարեփոխումների ծրագրերի մշակումն ու իրագործումը։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի DEEP ծրագրի շրջանակում Հայաստանը լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում ռազմական կրթության ոլորտում։

«Հայաստանն ավելացրել է իր ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունում Կոսովոյում (KFOR), որն ընդգծում է Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ», - հայտարարել է նա։

Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը ցանկանում է հնարավորինս արագ ավարտել «ՆԱՏՕ-ի անհատական հարմարեցված գործընկերության ծրագիր»-ի (ITPP) ձևավորումը և անցնել իրագործմանը՝ երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելու նպատակով։

Ելույթի ընթացքում նա ներկայացրել է նաև Հայաստանի անվտանգության նոր ռազմավարական մոտեցումը՝ «Համապարփակ անվտանգության» տեսլականը, որը հաստատվել է Անվտանգության խորհրդի կողմից դեռևս 2023-ին։

«Հայաստանը դիմակայունությունը դիտարկում է որպես համակառավարական և համահասարակական կարողություն՝ Հայաստանի շուրջ ստեղծված միջավայրից բխող ռիսկերին դիմագրավելու նպատակով», - նշել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այս տեսլականի հիմքում գտնվում է ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, իսկ գաղափարը ձևավորվել է հանրային մակարդակում՝ մասնագիտական համայնքի մասնակցությամբ։

«Ի դեպ, մենք ժողովրդավարությունը դիտարկում ենք որպես Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր գործիք, իսկ կոռուպցիան՝ մեր ազգային անվտանգությանը սպառնալիք», - նշել է ԱԽ քարտուղարը։

Նա հավելել է, որ ներկայումս Հայաստանը ԵՄ-ի հետ խորհրդակցություններ է սկսել՝ «Համապարփակ անվտանգության» տեսլականի գործողությունների պլանի մշակման և իրագործման ուղղությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում