Գլխավոր Լրահոս

Հայաստանի ՊՆ-ն մշտական խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից․ Պապիկյան

Հայաստանի ՊՆ-ն մշտական խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից․ Պապիկյան

Հայաստանի ՊՆ-ն մշտական խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի ժամանակ։

«Պաշտպանության նախարարությունը մշտական հիմունքներով մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից։ Մի շարք ուղղություններով մեզ համակարգված օժանդակություն է ցուցաբերում Հունաստանը», - նշել է Պապիկյանը։

Նախարարի խոսքով՝ այս փուլում առաջնահերթ ջանքերը կենտրոնացած են նոր մոդելով և չափորոշիչներով ռազմավարական փաստաթղթերի մշակման, զինված ուժերի կառուցվածքի և կառավարման համակարգի արդիականացման, կրթական և ուսումնավարժական կարողությունների զարգացման վրա։

Պապիկյանն ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերի արդիականացման նպատակով պաշտպանության նախարարությունն ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների հետ։ Ըստ նրա՝ հաջողվել է որոշ գործընկերների հետ համագործակցությունը կառուցել ինստիտուցիոնալ և երկարաժամկետ պլանավորման հիմքի վրա, ինչը կապահովի զինված ուժերի կերպափոխման արդյունավետ ընթացքը։

«Մենք ձևավորում ենք պրոֆեսիոնալ զինված ուժեր՝ ժամանակակից չափորոշիչներով, ինչը ներառում է ինչպես սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացում, այնպես էլ՝ անձնակազմի կրթություն, վերապատրաստում, կառավարման համակարգերի բարելավում և ռազմավարական փաստաթղթերի մշակման նոր մոտեցումներ», – ասել է նախարարը։

Նա նաև տեղեկացրել է, որ զինված ուժերի արդիականացման նպատակով ՀՀ կառավարությունը դիվերսիֆիկացնում է սպառազինության ձեռքբերման շուկաները, ինչը հնարավորություն է տալիս համալրվել նորագույն ռազմական տեխնիկայով։

Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ բարեփոխումների նպատակը ոչ միայն ժամանակակից զինված ուժերի ձևավորումն է, այլև գործընկեր երկրների բանակների հետ փոխգործակցելիության բարձր մակարդակի ապահովումը։ Այս համատեքստում նա կարևորել է նաև բազմակողմ ձևաչափով համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։

Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին ՆԱՏՕ-ի հրամանատարությունների և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների միջև իրականացվում են բաց և թափանցիկ քննարկումներ, որոնք հնարավորություն են տալիս ներկայացնել Հայաստանի առաջնահերթությունները և ստանալ թիրախային աջակցություն։

«Բարեփոխումների գործընթացի մեկնարկին անձամբ եմ այցելել ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն, հանդիպել հրամանատարին, կիսվել ծրագրերով և ակնկալիքներով», – նշել է Պապիկյանը։

Նա ներկայացրել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակը, որը ներառում է ռազմական ուսումնական հաստատություններում անցկացվող ծրագրերը, շարժական ուսումնական խմբերի այցերը Հայաստան, զորավարժություններին ՀՀ զինվորականների մասնակցությունը, ինչպես նաև պաշտպանական կրթության զարգացմանն ու բարեվարքության ամրապնդմանը միտված նախաձեռնությունները։

Պապիկյանը հայտնել է, որ առաջիկա ամիսներին ակնկալվում է հաստատել Հայաստան–ՆԱՏՕ գործընկերությունը համակարգող պլանավորման և վերանայման գործընթացի հերթական փաստաթուղթը, ինչպես նաև անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում