Ավստրալիայի՝ դեռահասների համար սոցմեդիայի արգելքը գովասանքի է արժանացել ՄԱԿ-ում

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստին ներկայացրել է իր կառավարության նախաձեռնությունը՝ աշխարհում առաջինը արգելելու սոցիալական մեդիայի օգտագործումը 16 տարեկանից ցածր երեխաների կողմից, հաղորդում է Reuters-ը։ Նա զգուշացրել է, որ սոցիալական մեդիայի առաջացրած մարտահրավերները երեխաների համար «շարունակ աճում են»։
Աշխարհի կառավարություններն ու տեխնոլոգիական ընկերությունները ուշադիր հետևում են Ավստրալիայի ջանքերին՝ դառնալու առաջին երկիրը, որը դեկտեմբերից սկսած կխոչընդոտի դեռահասների կողմից սոցիալական մեդիա օգտագործումը։

Ավստրալիան ցանկանում է, որ սոցիալական մեդիայի ընկերությունները օգտագործեն արհեստական բանականություն և վարքագծային տվյալներ՝ օգտատերերի տարիքը գնահատելու համար, այլ ոչ թե կիրառեն համատարած տարիքային ստուգում։
«Սա կատարյալ չէ, բայց ճիշտ ուղղությամբ կարևոր քայլ է»,- ասել է Ալբանեզեն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում «Երեխաների պաշտպանությունը թվային դարում» միջոցառման ժամանակ։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն իր ելույթում նշել է, որ «ոգեշնչվել է Ավստրալիայի օրինակով»։
«Մենք Եվրոպայում հետևում ենք և պատրաստվում ենք սովորել ձեզնից… մեր պարտականությունն է առաջ գալ հաջորդ սերնդի համար»,– ասել է նա։
Արգելքը, որը դարձել է օրենք 2024-ի նոյեմբերին, նախատեսում է հետաձգել դեռահասների սոցիալական մեդիայում հաշիվ բացելու իրավունքը՝ ներկայիս 13 տարեկանից մինչև 16։
Ալբանեզեի ձախ-կենտրոնամետ կառավարությունն օրենքն առաջարկել է՝ ելնելով հետազոտություններից, որոնք ցույց էին տալիս սոցիալական մեդիայի գերօգտագործման վնասները դեռահասների հոգեկան առողջության համար, այդ թվում՝ ապատեղեկատվության, բուլլինգի և մարմնի համար վնասակար ազդեցությունների տեսանկյունից։
Ավստրալիայի վարչապետն օրենքն անվանել է «խելամիտ, բայց ուշացած քայլ»՝ երեխաներին կյանքի կարևոր փուլում պաշտպանելու համար։ «Մարտահրավերը, որի առաջ կանգնած ենք, մշտապես մեծանում է, և տարբեր երկրներ այն տարբեր ձևերով են լուծում»,- նշել է նա՝ հավելելով, որ օրենքը ավստրալացի դեռահասներին «երեք տարի ավելի կտա, որպեսզի նրանք ձևավորվեն իրական կյանքի փորձով, ոչ թե ալգորիթմներով»։
Civilnet










