Հայաստանի կառավարությունը 2026-ին պաշտպանությանը նախատեսում է ուղղել 560 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պետական բյուջեի 2026-ի նախագծից, որը սեպտեմբերի 25-ին հաստատվեց կառավարության նիստում։
2025-ի համեմատ՝ ՀՀ պաշտպանությանն ուղղված միջոցները 2026-ին նվազում են 100 մլրդ դրամով։ Նախորդ տարի այս նպատակով նախատեսվել էր 660,9 մլրդ դրամ։
ՀՀ պաշտպանության ապահովման համար նախատեսված միջոցները
Infogram
2020-ի պատերազմից հետո՝ 2021-2025 թվականներին, Հայաստանի պաշտպանության ծախսերը տարեցտարի աճ են գրանցել՝ 2021-ին նախատեսված շուրջ 306 մլրդ դրամից հասնելով 661 մլրդ դրամի՝ 2025-ին։
Փաստացի, 2021-ից ի վեր 2026-ի պաշտպանության ապահովման բյուջեն առաջին անգամ նվազում է, սակայն մնում է ավելի բարձր, քան երբևէ մինչև 2024-ը։
Oգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև ստորագրված խաղաղության հռչակագրի նախաստորագրումից հետո ՀՀ իշխանությունները՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ֆինանսների նախարարի, խոսել էին պաշտպանական ծախսերի հնարավոր նվազման մասին։
«Կարծում եմ՝ գուցե 2026-ի պետբյուջեում պաշտպանական ծախսերի էական ավելացումներ կա՛մ չունենանք, կա՛մ ընդհանրապես չունենանք։ Սա տրամաբանական է։ Գոնե այս պահի մեր գնահատարակը դա է։ Մենք կշարունակենք իրադրության օպերատիվ վերլուծությունը…»,- օգոստոսի 21-ին ասել էր Փաշինյանը։
Սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը պաշտպանական ծախսերի հանարավոր նվազումը բացատրել էր այլ հանգամանքներով։ Նա նշել էր, որ 2025-ին 2024-ի համեմատ պաշտպանական ծախսերի շատ էական՝ կտրուկ աճ էր եղել, որը պայմանավորված էր եղել որոշակի հրատապ կարքներով:
«Մենք իրականացրել ենք էական պաշտպանական ծախսեր և այդ ծախսերի մի մասը մենք ուղղել ենք ապագա պատքերի, պարտավորությունների մարմանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում: Այսինքն՝ այն վարկերը, որոնք ուղղվել են պաշտպանությանը, այն որ մենք պետք է, ասենք՝ 2030 կամ 2035 թվականին մարեինք, մենք հարմար ենք գտել, որ հետագա պարտքային բեռը նվազենցնենք, բայց ոչ միայն»,- նշել էր Փաշինյանը՝ հավելելով, որ այս տրամաբանությամբ միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2026-ի պաշտպանական ծախսերը ունեն բնականոն աճ 2024-ի նկատմամբ։
Անի Գրիգորյան
CivilNetCheck











