Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը կարճատև եռակողմ շփում են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, շփումը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի կողմից կազմակերպված Տրանսատլանտյան ընթրիքի շրջանակներում։
Հայկական կողմը, ըստ պաշտոնական հաղորդագրության, բարձր է գնահատում ԱՄՆ-ի շարունակական ակտիվ ներգրավվածությունն արդեն իսկ հաստատված խաղաղության և դրա հետագա ամրապնդման գործում։ Հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվող բանակցությունների ֆոնին։
Ավելի վաղ էլ ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում Արարատ Միրզոյանը Մարկո Ռուբիոյի հրավերով մասնակցել է պետքարտուղարի կողմից կազմակերպված՝ ՆԱՏՕ և ԵՄ ԱԳ նախարարների Տրանսատլանտյան պաշտոնական ընթրիքին, որին ներկա են գտնվել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և ԵՄ ԱԳԱՔ հարցերով բարձր ներկայացուցիչը։
ԱԳՆ-ից փոխանցում են, որ նախարարը երկկողմ շփումներ է ունեցել մի շարք գործընկերների հետ։
Civilnet











